Search
Close this search box.

Արմեն Գրիգորյանը ռուսական գործակալության հետ խոսել է Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստան կատարելիք այցին ընդառաջ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին:

Գրիգորյանի խոսքերով, մինչ այդ մասին խոսելը, պետք է նախ արձանագրել, որ հակամարտությունը կարգավորված չէ: Այն հնարավոր չէ ուժով կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ. «2020 թվականին, դիմելով ուժի, Ադրբեջանը խախտեց երեք հիմնական սկզբունքներից մեկը, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում:

Խոսքը վերաբերում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում հայկական կողմի հետ համաձայն են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

«Ալիևը ոչ միայն հերքում է օբյեկտիվ փաստը, որ հակամարտությունը լուծված չէ, այլ նաև փորձում է ամեն կերպ խորացնել երկու ժողովուրդների միջև թշնամանքը:

Երբ նա «ռազմավարի այգի» է բացում, երբ հիմար հայտարարություն է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում է հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունն Արցախի օկուպացված տարածքներում, պղծում է ոչ միայն Արցախի առաջին պատերազմի, այլ նաև՝ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների շիրիմները, ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության համաձայնագրի մասին:

Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցույց տա, անի ռացիոնալ քայլեր և պատրաստ կլինի վարել կառուցողական երկխոսություն, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»:

Please enter a valid URL