Search
Close this search box.

Ոստիկանները մի քանի մեքենաներով մտել են Չարենցավան, հատուկ օպերացիա են իրականացրել ու ասֆալտին փռել

Ոստիկանությունը նորից սկսել է իր՝ «ասֆալտին փռելու» էժանագին շոուները։ Երեկ նմանատիպ մի շոու բեմադրել էին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Մեզ պատմեցին, որ մարզային վարչության բազմաթիվ ոտսիկաններ մի քանի մեքենաներով մտել են քաղաք և ում հասցրել՝ բառի բուն իմաստով պառկեցրել են ասֆալտին։ Ասացին՝ հատուկ օպերացիա են իրականացրել զենք-զինամթերք հայտնաբերելու կասկածանքով, դրա համար կանգնեցրել են լրիվ կամայական մեքենաներ, նայել են՝ մեկը մի քիչ թեք է կանգնած եղել, մի քիչ արագ է վարել՝ մի քանի մեքենայով շրջապատել են, հարձակվել վարորդի վրա, «փռել ասֆալտին», խուզարկել, վերջում էլ տուգանել ինչ-որ խախտման համար և հեռացել։

Որոշներին նաև ոստիկանության Չարենցավանի բաժին են տարել։ Ու որևէ տրամաբանություն չի եղել նրանց գործողություններում, որևէ մեկի հետ, մասնավորապես՝ ոստիկանության Չարենցվանի բաժնի կամ քաղաքային իշխանությունների հետ չեն խորհրդակցել՝ որ ժամին գան, ում բռնեն, ում խուզարկեն, ում «խելոքացնեն»։ Արդյունքում՝ թիրախում հայտնված չարենցավանցիների մեծ մասը խելոք վարորդներ են եղել, որոնց կողմից խուլիգանական որևէ դրսևորում չի նկատվել, զենք-զինամթերք չի հայտնաբերվել։ Իսկ նրանք, որոնք գիշերային ժամերին խաթարում են քաղաքի անդորրը, սանձարձակ պահվածք են ցուցաբերում, «ճռռիկներ» են անում քաղաքում, նրանք էլի անպատիժ են մնացել ու վստահաբար նորից կշարունակեն նույն կերպ իրենց պահել։

Ականատեսներն ասացին՝ ոստիկաններն իրենց երեկվա ծիծաղելի շոուն, որը «կապիկություն» էին անվանում, նաև տեսանկարահանում էին՝ երևի ցույց տալու ղեկավարությանը, որ «օպերացիան բարեհաջող իրականացրել են»։ Իսկ թե ինչ օգուտ տվեց դա, բացի հերթական էժանագին շոուն բեմադրելուց, դժվար է ասել։ Մեզ ասացին նաև, որ դրա նախորդ օրը նմանատիպ շոու Աբովյան քաղաքում են բեմադրել, այսօր էլ Հրազդանի հերթն է։
hraparak.am

Please enter a valid URL