Հետեւելով Ադրբեջանի կողմից ռազմական գնումների մասին տեղեկատվությանը, շատ հավանական եմ համարում հունիսի երկրորդ կեսին կամ հուլիսի առաջին կեսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ երբ Ալիեւը ասում է Զանգեզուր, նկատի ունի նաեւ Վայքն ու Եղեգնաձորը:
Նրա խոսքով, աշխարհը չի դատապարտում Ալիեւին եւ այն տպավորությունն է, որ աշխարհն ասում է՝ Զանգեզուրն էլ տվեք, թող հանգստանա. «Այստեղ արդարություն չկա: Թույլ կողմը հայերն են, թող հայերի հաշվին հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը Սյունիք այցելելով, հավանաբար ինչ-որ տեղեկատվություն ունեն, եւ հիմա եթե Սյունիքը տան էլ, իբր պատերազմ եղավ, Ադրբեջանը վերցրեց: Ես այդպես եմ գնահատում: Արմեն Սարգսյան ինչի՞ ես գնացել Շուռնուխ: Նիկոլի եւ Արմենի պես դավաճանների, թալանչիների հայ ազգը չի տեսել: Ադրբեջանը հրթիռներ է գնում: Ոչ ոք հրթիռները ձեռք չի բերում եւ տարիներով պահում, մանավանդ դրանց մեջ կան հրթիռներ, որոնք ունեն կարճաժամկետ կյանք: Ադրբեջանը երկու անգամ ավելի մեծ տեմպերով է զենք ներմուծում, քան մեկ տարի առաջ»,-ասաց Բագրատյանը:
Նա ընդգծեց, որ հնարավոր է համարում, որ նրանք Սյունիքը տան եւ մնան պաշտոնների. «Տալ չի նշանակում, որ այն կհայտարարվի Ադրբեջանի տարածք: Կհայտարարվի խաղաղության տարածաշրջան, որտեղ անորոշ ստատուս կլինի, որտեղ 3-4 ժողովուրդ հավասար իրավունքներ կստանան: Թող իմ ասածը սխալ լինի, բայց ես զգուշացնում եմ: Հունիս-հուլիսին պատերազմ կլինի, եթե Հայաստանը քայլեր չանի: Քայլերից մեկն այն է, որ ռազմավարական դաշնակից հետ հստակեցնի եւ այնտեղ լինեն որոշակի տեղաբաշխված ուժեր: Երկրորդ, Հայաստանը պետք է խնդրի, որ Իրանը Մեղրիի կողմից զորք մտցնի: Զարիֆը հայտարարեց, որ սա մեզ համար կարմիր գիծ է, որովհետեւ սա Իրանին էլ է վերաբերվում»,-ասաց նախկին վարչապետը: