Ապրիլի 14-ին Էրեբունու թանգարանի մոտ դանակահարություն էր եղել։ Իրար անծանոթ երկու երիտասարդ վեճի էին բռնվել, որն ավարտվել էր դանակահարությամբ։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Կեսգիշերին մոտ հեթապահ քույրն ահազանգել էր, թե աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով 22-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։ Ըստ հարազատների հայտարարության՝ նրան դանակահարել էին։
Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Իրականացված հարցումների արդյունքում իրավապահները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Գուրգեն Մահարու փողոցի անչափահաս մի բնակիչ։ Հաղորդումից մոտ երկու ժամ անց նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ խոստովանական ցուցմունք տվեց:
Դանակը հայտնաբերվել է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ։