ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, ցուցանիշները հրապարակել են` հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը։
«2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարության հաշվարկներով` COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:
Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձանց շրջանում` 3034 դեպք ( 76%):
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 667–ով և դարձել 209 485։ Ապրիլի 15–ից պոլիկլինիկաներում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը։