«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և, հետևեք ձեր առողջությանը։ Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար։ Ես հրամանատարի հետ էի խոսում, շատ բարձր կարծիքի է ձեր մասին։ Այսօր նրա գովեստի խոսքերը ձեր մասին ընդունում եմ որպես գնահատական և ձեզնից յուրաքանչյուրին կրկին մաղթում եմ ամրություն։ Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով այսօր ժամանել է Սյունիքի մարզում պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ: