forrights.am-ը գրում է. Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին, նոյեմբերի 7-ին: Նա սերժանտ էր, ժամկետային ծառայության մեկ ու կես տարին անց էր կացրել Հադրութի 5-րդ գումարտակում:
Դավիթը օրեր շարունակ Հադրութում գտնվել է շրջափակման մեջ, ապա իր պատասխանատվությանտակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դիրքեր: Ծնողներին նա ոչինչ չէր պատմում, եւ միայն հեռուստատեսությամբ Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը տեսել, որ որդու դիրքերը անցել են Ադրբեջանական կողմի հսկողության տակ:
Շրջափակումից ազատվելուց հետո, Դավիթին ու նրա վաշտին տեղափոխել են Ֆիզուլի, ապա Խնձորստան, ինչից հետո` Շուշի: Հայրը` Արա Ռաֆայելյանը պատմում է, որ նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի.
«Ասեց` բայց քո իմացածը չի, պատերազմի հետ կապ չունի: Մկրտվել եմ էստեղ, քահանաներ են եկել: Շատ ուրախացած էր: Մենք էլ ավելի հանգստացանք, որովհետեւ ասեց ապահով տեղում է»:
Նոյեմբերի 7-ին հայրը Երեւանում էր, գնացել էր կամավորական ջոկատին անդամագրվելու, երբ որդուց զանգ է ստացել:
-Հա, Դավ, ի՞նչ ա եղել:
-Պապ, աղոթի, մահանում եմ:
-Ի՞նչ:
-Պապ, աղոթի, մահանում եմ:
-Պապ, աղոթի մահանամ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցավում:
-Ինչ ա եղել, ո՞ւր ես,- ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես:
-Մի տեղից չի. մեջքս խփած ա, ուսս խփած ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր իմ համար:
«Հեռախոսը անջատվեց: Մենք այդ ընթացքում կապվեցինք Ղարաբաղի իշխանությունների հետ, էնտեղ ասեցին, թե մարդ կուղարկենք էդ տարածք, բայց ոչ մի բան էլ չէին արել: Այդ օրը սկսեցի գնալ հոսպիտալներ, ինձ հույս էին տալիս, որ հիմա հաստատ հանել են էրեխեքին, որ նախարարությունը տեղյակ ա, հիմա հաստատ հանում են, գնացինք Վարդենիս, Մարտունի, տեսանք չկա, մյուս օրը գնացի Ղարաբաղ: Գնացի ու իմ աչքով տեսա, որ էրեխեքը Շուշիի ճանապարհին… առանց պոստի, առանց հրամանատարի: Իրանք մենակ էին մնացել: Վիրավոր հրամանատարներից մեկը տանկով էր գնացել, ասել էր` սպասեք օգնությամբ կգամ, չէր եկել: Հրամանատարներից մեկն էլ ձորով էր գնացել, ասել էր` էրեխեք, հետեւիցս մի եկեք, ես մի հատ ռազվեդկա անեմ, տեսնեմ ինչ ա կատարվում, ձեզ խաբար կանեմ: Հետո էրեխեքը զանգել են իրան, անջատել ա հեռախոսը». պատմում է Արա Ռաֆայելյանը:
Ռաֆայելյանների ընտանիքը զբաղվում է գինեգործությամբ: Դավիթի մահից հետո, նրա ամենասիրելի կարմիր անապակ գինին հայրը անվանակոչել է որդու անունով: