Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ եղբայրները դարձյալ միասին են՝ կողք կողքի. Լևոն և Արմեն Անթանյանները մնացել են թշնամու շրջափակման մեջ

Արցախյան երկրորդ պատերազմում ոստիկանությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ։ Ոստիկանության տարածքային բաժիններից ու ոստիկանության զորքերից Արցախի տարբեր ուղղություններում ոստիկանները մասնակցեցին պաշտպանական մարտերի։ Ցավոք, իրավապահ կառույցը տվեց բազմաթիվ զոհեր։ Մասնավորապես, հինգ ընտանիք ոստիկանության զորքերում ծառայող 2-ական որդի կորցրեց։ Անթանյանների ընտանիքը նրանցից մեկն էր:

Լևոն Անթանյանը ծնվել էր 1993 թվականին, ամուսնացած էր, ունի երկու զավակ՝ Սմբատն ու Անգելինան։ Արմեն Անթանյանը ծնվել էր 1994 թվականին։ Եղբայրները պարտադիր զինվորական ծառայությունն անցել էին Արցախի զորամասերից մեկում։ Միշտ միասին էին՝ կողք կողքի, թև ու թիկունք։ Միասին ընդունվել էին ոստիկանության զորքեր, միասին ծառայել, միասին աշխատել։ Միասին էլ սեպտեմբերի 29-ին մեկնեցին պատերազմ։ Մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 17-ին Քարվաճառում զինակից ընկերներով նշեցին Արմենի 26-ամյակը։ Տուն վերադարձան հոկտեմբերի 29-ին։ Իսկ օրեր անց կրկին մեկնեցին Արցախ։ Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։

Նոյեմբերի 6-ին Արմեն Անթանյանը զանգում է քրոջը՝ Միլենային: «Երկար ժամանակ չէինք խոսել։ Շատ սպասված զանգ էր։ Անգամ գիշերները չէինք քնում, սպասում էինք, որ զանգեն։ Արմենն էր մենակ խոսում: Ստեց, ասաց՝ Սևանում են, ամեն ինչ լավ է: Բայց այդքան էլ ուրախ չէր։ Շատ լուրջ էր խոսում»,- պատմում է Միլենա Անթանյանը:
Օրեր անց պարզվեց, որ Լևոն և Արմեն Անթանյանները մնացել են թշնամու շրջափակման մեջ և զոհվել նոյեմբերի 7-ին…

Այսօր էլ եղբայրները դարձյալ միասին են՝ կողք կողքի։ Նրանք միացան այն քաջարի տղաներին, որոնք ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացան։

Please enter a valid URL