Search
Close this search box.

«Պուրակն ատելության տաճար է». Bild-ի հոդվածը

Գերմանական Bild թերթը հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին նվիրված «պուրակի» բացման մասին՝ խիստ քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը.

«Կես տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և գրավեց այն: Այժմ բռնապետ Իլհամ Ալիևը, որն Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից, բացում է «Ռազմավարի պուրակ» ցուցահանդես` իր հաղթանակով պարծենալու համար:

Իրականում այս «այգին» միայն մեկ անճաշակ նպատակ ունի՝ ծաղրուծանակի ենթարկել պատերազմի հայ զոհերին: Տեղեկատվություն վեճի պատմության մասի՞ն: Հակամարտության դասակարգո՞ւմ: Իհարկե ո՛չ:

Ալիևն արդեն այցելել է ցուցահանդես. զոհված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված պողոտայում նա ամբողջապես ռազմական համազգեստով զազրելի տեսք ուներ: Ցավալի փաստ. դպրոցականները նույնպես պետք է այցելեն այս նողկալի ցուցադրությունը:

Բացի այդ, հայ զինվորների մոմե արձանիկները կարելի է տեսնել մահացած կամ մահամերձ կեցվածքով՝ հաճախ պիտակավորված վերնագրերով: Կան նաև գրավված համազգեստներ, փոխադրամիջոցներ և սարքավորումներ՝ ենթադրյալ «ավարը»:

«Պուրակն ատելության տաճար է»,- նշում է ամենախոշոր միջազգային հայկական սփյուռքյան կազմակերպության՝ ՀԲԸՄ-ի գերմանական գրասենյակը. «Հայերն Ադրբեջանի կողմից 20-րդ դարի սկզբին են դեռ ապամարդկայնացվել, հետապնդվել և սպանվել»,– այդ պատճառով այս ցուցահանդեսը տարածաշրջանում հակահայկական ատելության ավանդույթի մաս է կազմում:

Համբարձումյանը նշել է. «Նողկալի, վախկոտ, մռայլ պատկերներ. ցուցադրված արձանիկները, որոնք ենթադրաբար ներկայացնում են հայերին, նման են նացիստական թերթերի ծաղրանկարների»:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը հետ գրավեց 1990-ականներին կորցրած տարածքների մեծ մասը: ԼՂ-ն անկլավ էր Ադրբեջանում, որտեղ հիմնականում էթնիկ հայեր են ապրում: Մարտերում զոհվեց ավելի քան 6000 մարդ: Դեռ հարյուրավոր հայ ռազմագերիներ կան: Ադրբեջանը կարծես ծաղրում է նրանց հարազատների վիշտը. մեկ շաբաթ առաջ հաղորդվեց, որ Ադրբեջանից մինչև 25 ռազմագերիներով ինքնաթիռ պետք է ժամաներ Երևան, բայց ինքնաթիռը դատարկ էր:

Իրավապաշտպան Դյուզեն Թեքկալը նշում է. «Հակամարտության կապակցությամբ Գերմանիայի և ԵՄ-ի կողմից հեռավորություն պահելը ճակատագրական է: Ես կցանկանայի Բաքվին ուղղված հստակ խոսքեր տեսնել Դաշնային արտաքին գործերի նախարար Հայկո Մաասից: Իսկ այս պուրակը, մեղմ ասած, անճաշակություն է: Ալիևն ակնհայտորեն չի բավարարվում միայն նրանով, որ ռազմական ճանապարհով է ցանկացել լուծել ԼՂ հակամարտությունը, և այժմ նա կարող է ձեռնամուխ լինել հայերով բնակեցված տարածքները հայաթափելուն, իսկ հայկական եկեղեցիները հողին հավասարեցնելուն»:

Please enter a valid URL