Search
Close this search box.

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը զինվորների կողքին կլիներ, եթե թշնամու գնդակը չխլեր նրա կյանքը

armeniasputnik.am-ը գրում է.

Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մեկնարկի մասին, կիրակի էր։ Նարեկ սարկավագը պատարագ ուներ, բայց շտապեց նախարարություն, երեկոյան տուն եկավ զինվորականի հագուստով։ Ուղիղ 1 ամիս նա զինվորների կողքին եղավ ու դեռ կլիներ, եթե թշնամու գնդակը չխլեր Նարեկի կյանքը։

Գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանն ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմում զինվորներին մենակ չթողեց` մարտերը սկսվելուն պես շտապելով առաջնագիծ։ Այժմ էլ նա իր զինվորների կողքին է` Եռաբլուրում…

Նարեկ սարկավագի մասին պետք է զրուցեմ նրա կնոջ` Մարիամ Բզնունու հետ։ Մարիամը տրամադրված է հարցազրույցին, սկզբում անկեղծորեն ասում է` փակվել էր և մինչ այս չէր կարողանում մարդկանց հետ շփվել։ Զրույցի ընթացքում հանդարտորեն, մեղմ ժպիտով պատմում է ամուսնու մասին և, միայն երբեմն–երբեմն հուզվելով, լռում. ժամանակ է վերցնում` չուզենալով զգացմունքներին տեղիք տալ։

Ապրիլյանի ժամանակ Մարիամն ու Նարեկ սարկավագը դեռ ամուսնացած չէին։ Կինը պատմում է, որ երբ Նարեկը հայտնել է առաջնագիծ մեկնելու մասին, շատ է անհանգստացել և խնդրել է, որ ինքն էլ հետը գնա։ Բայց Նարեկ սարկավագը վստահեցրել է` լավ է լինելու. Մարիամին մնում էր միայն օրուգիշեր աղոթել։

«Պատերազմի ավարտից հետո, սակայն, Նարեկը չշտապեց տուն վերադառնալ. նա դեռ երկար ժամանակ այնտեղ էր, որպեսզի օգներ զինվորներին. գառներ էր գնում և մատաղ անում։ Երբ առաջնագիծ «Սնիկերս» էին ուղարկում, ասում էր, որ դա սնունդ չի, պետք է օգտակար բաներ ուտեն։ Ուշքումիտքը զինվորներն էին»,–ասում է Մարիամը։

Ամեն ինչ այլ էր այս անգամ. Մարիամն արդեն ավելի քիչ էր անհանգստանում, քանի որ նախորդ անգամվա փորձն ուներ, մտածում էր` ապրիլյանի նման սա էլ մի քանի օր է տևելու. կաղոթի, և Նարեկը նորից կվերադառնա…

Պատերազմը սկսվելու օրը` առավոտյան, Նարեկ սարկավագը պատարագ ուներ, քանի որ կիրակի էր, սակայն իմանալով, որ մարտեր են սկսվել` շտապել է պաշտպանության նախարարություն։ Երեկոյան զինվորական համազգեստով է վերադարձել և այդպես` մի ձեռքին` զենք, մյուսին` խաչ, մեկնել է Արցախ։

«Ինձ ասաց` Մարիամս, իմացա, որ ամենաթեժ կետը Հադրութում է, որոշեցի այնտեղ մեկնել։ Իսկ երբ ասում էի` հետ արի, դու Մարիա ունես, ինձ պատասխանում էր, թե այստեղ բոլորը Մարիա ունեն. մինչև պատերազմը չվերջանա, հետ չեմ գա»,–հիշում է Մարիամը։

Նարեկ սարկավագն առաջնագծում ազատ ժամանակ զինվորների համար սուրճ, թեյ էր պատրաստում, նրանց հետ Աստծո մասին զրուցում։ Երբ իմանում էր, որ զինվորը մկրտված չէ, նաև մկրտություն էր կազմակերպում` կանչում էր տեր հայրերին, իսկ երբ տղաներից մեկը հոգնած էր լինում, նրան էր փոխարինում, որ զինվորը քնի, հանգստանա։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներում Մարիամը մի օր տեսել է, որ ամուսինը խաչ է գցում զինվորներից մեկի վզին. Նարեկ սարկավագն Էդգար անունով մի զինվորի կնքահայրն է դարձել։ Հետագայում Մարիամը գտել է զինծառայողին, որն այս ամռանն է զորացրվելու։ Էդգարին մկրտելիս, ինչպես կարգն է պահանջում, սարկավագը նրան նոր անուն է տվել` Նարեկ…

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL