Search
Close this search box.

Անվտանգության աննախադեպ միջոցառում․ Փաշինյանի անվտանգության ծառայության աշխատակիցները շներով մտել են սենյակներ, ապա կողպել դռները

168.am-ն օրեր առաջ գրել էր, որ ապրիլի 10-ին նախատեսված էր ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում էլ հենց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պետք է շնորհվեին գեներալական ուսադիրներ։

Միջոցառումը հետաձգվեց, և այն կկայանա ՀՀ ոստիկանության կազմավորման 103-րդ տարեդարձի օրը։

«Մեր տեղեկություններով` նիստին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։

Այդ այցին ընդառաջ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են այսօր իրականացվել ոստիկանության վարչական շենքում։

Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր հատ-հատ մտել են, սենյակները ստուգել են շների ներգրավմամբ, ինչպես Տարածքային կառավարման նախարարություն նրա այցի ժամանակ։ Ապա չբավարարվելով դրանով` աշխատակիցներին հանել են սենյակներից, կողպել դռները, բանալիները վերցրել, որ մուտք ու ելքը իսպառ բացառվի։

Ավելին, 4-րդ հարկում` ոստիկանության պետի աշխատասենյակի հարևանությամբ գտնվող դահլիճի, ուր «նշանակալից» օրվա կապակցությամբ ֆուրշետ է լինելու, ողջ սպասքը, սնունդն ու խմիչքը բերելու են դրսից, այսինքն` հյուրասիրության ողջ ատրիբուտները գալու են Փաշինյանի հետ։

Եվ այս մարդը, ով մի քանի հարյուր մետրը տեղաշարժվում է հարյուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների աչալուրջ հայացքի ներքո, իսկ որևէ տեղ գնալուց առաջ էլ նման աննախադեպ միջոցների է դիմում, պատրաստվում է քարոզարշավ անցկացնել։

Ի դեպ, գեներալի կոչում Վահե Ղազարյանն ամեն դեպքում կստանա»,-գրում է լրատվամիջոցը:

Please enter a valid URL