Երանոսյան Արմեն Հմայակի, ծնվել է 1972 թվականի մայիսի 13-ին, ծառայել ռուսական բանակում՝ վարորդ, ապա դիպուկահար:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արմենը հեռուստացույցով երբ տեղեկացավ, որ պետերազմը սկսվել է՝ անմիջապես կամավորագրվեց, ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 2-ին՝ ստանձնելով հրամանատարի օգնականի պաշտոնը:
ArmLife.am-ի հետ զրույցում Արմենի ավագ որդին՝ Վրեժը տեղեկացրեց, որ հայրը ժամ առաջ էր ցանկանում հասնել Արցախ. «Իր գնալն անսպասելի է եղել, անգամ մենք չենք իմացել, որ պետք է մեկներ: Երբ սեպտեմբերի 27-ին լսեց պատերազմ է՝ այդ օրվանից ուզում էր շուտ հասներ առաջնագիծ՝ կանգներ 18 տարեկան տղերքի կողքին, հոկտեմբերի 2-ին եկանք՝ տեսանք տանը չի, հետո երեկոյան իմացանք, որ Քանաքեռի զորամասում ա, վերջին անգամ իրեն այնտեղ ենք տեսել»,-նշեց որդին:
Պատերազմի օրերին Արմենը ընտանիքի հետ կարողանում էր հեռախոսով զրուցել, սակայն ոչինչ չէր մանրամասնում, միայն վստահեցնում էր՝ ամեն ինչ նորմալ է: Հոկտեմբերի 8-ից Արմենից սակայն տեղեկություն չեն ստանում. «Հարցուփորձ էինք արել, ասում էին՝ կայանների հետ կապված խնդիր կա, զուտ դրա համար չի կարողանում զանգել, մենք սպասում էինք, անընդհատ»,-նշում է որդին՝ շարունակելով, որ միայն հետո են տեղեկացել, որ հայրը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում՝ թշնամու արկի պայթյունից: