Ո՞նց իմանանք՝ ով է ճիշտ ասում, մարդկանց նկատմամբ այսպես մեղադրանքներ հնչեցելով եւ դրանք անապացույց մնալով ինչքա՞ն ենք մենք շարունակելու այս խոսակցություններն ու քննարկումները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում կառավորթւայն հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնին՝ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հիմա հրապարակեք Ազգային անվտանգության խորհրդի նիստի արձանագրության այն հատվածը, որը չի համընկնում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ հայտարարել էր, թե վարչապետը ստում է:
«Պարոն վարչապետ, մարտի 1-ի ելույթում ասացիք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել, ստորագրել տվել: Ես պահանջեցի ձեզնից ապացույցներ, սակայն ապացույցներ չհրապարակվեցին, մարդուն հանիրավի մեղադրանք ներկայացվեց: Այսօր ԱԺ-ի ամբիոնից հղում կատարեցին Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունից, ասացիք, որ նման հայտարարություն չի արել, հակառակ հայտարարություն է արել: Նոյեմբերի 17-ին հայտարարություն է արել պարոն Գասպարյանը, դուք եկել եք ապրիլի 14-ին ասում եք՝ նման բան չի եղել: Այդ ժամանակ ամբողջ մամուլը խոսում էր, քննարկում էր, բա ինչի՞ այդ ժամանակ չէիք հերքում»,-հարցրեց Մարուքյանը:
Փաշինյանն արձագանքեց, որ հրապարակման առաջարկը լավն է: «Մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու եւ հրապարակելու հարցը: Ամեն դեպքում, այն, ինչ այսօր ես հայտարարեցի, կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում տեղի ունեցած ԱԽ երկու նիստերում Օնիկ Գասպարյանի ելույթներից: Դրանք ապացուցելի են: Իսկ Սերժ Սարգսյանի զրույցների մասին ինձ հենց Օնիկ Գասպարյանն է տեղյակ պահել եւ ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել: Ես գիտեմ, որ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպրյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից: Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պետական հեղաշրջման փորձի շրջանում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ես կարող եմ ասել, թե դա երբ է եղել, դա եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո: Կհանձնարարեմ, որ վաղը ձեզ հրավիրեն կառավարություն կամ ԱԱԾ եւ ծանոթացնեն բոլոր փաստաթղթերի հետ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: