ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ասվում է միջնորդների համատեղ հայտարարության մեջ:
Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:
«Այս կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են անում համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները արտացոլող համատեղ օրակարգը»,- նշվում է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում:
Միջնորդները գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման կապակցությամբ՝ հայտարարելով, որ ուշադիր հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
«Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում զգալի ձեռքբերումները և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործընթացում շարունակվող առաջընթացը, մարդասիրական օգնության տրամադրումը և կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցային ապաշրջափակմանը»,-ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները կողմերին հիշեցրել են «մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին»:
«Դրանք ներառում են հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան բոլոր ռազմագերիների և ձերբակալված այլ անձանց վերադարձին, հակամարտության տարածաշրջանի արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Միջնորդներն ընդգծել են նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:
Համանախագահներն իրենց վճռական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության շարունակական գործունեությանը, ինչպես նաև առաքելության հնարավոր ընդլայնմանը և կողմերին կոչ են արել լիարժեք օգտվել և աջակցել նրա ջանքերին:
«Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսել աշխատանքային այցելությունները տարածաշրջան, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ իրենց գնահատողական և միջնորդական դերը կատարելու համար։ Այս կապակցությամբ համանախագահները կողմերին հիշեցնում են համանախագահների՝ իրենց մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան ուղևորությունների նկատմամբ անարգել մուտքի և տեղաշարժի առավելագույն ճկունության ապահովման անհրաժեշտության մասին»,- ասված է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում։