Search
Close this search box.

Ընկածների հիշատակը հարգում են նաև ապրելով, նաև ամուսնանալով ու նոր կյանքի սկիզբ դնելով

Երեկ տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու Նվեր Ծառուկյանի հարսանիքը: Հարսանիքի մասին հայտնի էր դեռ օրեր առաջ և այն հասարակական և քաղաքական լուրջ շահարկումների տեղիք է տվել: Ծառուկյանին մեղադրում են պատերազմի չսպիացած վերքերի և զոհերի ֆոնին իր որդու հարսանիքը ճոխ պայմաններում կազմակերպելու մեջ:
Ընդհանրապես հայկական ավանդույթը նման դեպքում պահանջում է, որ երջանկություն մաղթեն նորապսակներին, և բարեմաղթանքներ ասեն նրանց ծնողներին և հարազատներին և ոչ թե փորձեն ամեն կերպ հարամել ևս մեկ հայ ընտանիքի ձևավորումը: Եթե նույնիսկ համաձայն չեն հարսանիքի կազմակերպման ձևի հետ, կարող են գոնե իրենց գզացածն ու ապրումները պահել իրենց մեջ, և ոչ թե դարձնեն հրապարակային բամբասանքի թեմա, ինչը ավելի նողկալի է, երբ դրա հեղինակը տղամարդիկ են:

Բայց կա ավելի էական հարց. իսկ ինչ են արել այդ նույն բամբասչիները Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո մեր հայրենիքի, զինծառայողների և պատերազմում ընկած հերոսների համար: Մեծ հաշվով ոչինչ, որովհետև այդ մարդիկ բացի բամբասելուց ուրիշ որևէ բան անելու ընդունակ չեն: Գուցե տեղին չէ, բայց պետք է ասել, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում գտնվելով կալանավայրում Ծառուկյանը 2 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Արցախին` պաշտպանական կարողությունները ընդլայնելու նպատակով: Հարյուրավոր վիրավոր զինծառայողներ ստացել են անհատական օգնություն, որը Ծառուկյանը երբևէ չի գովազդել, և այդ օգնությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմի հետևանքները չեն հաղթահարվել: Միայն վերջերս Ծառուկյանը 100 միլիոն դրամ օժանդակություն հատկացրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որը դարձյալ օգտագործվելու է վիրավոր զինծառայողների առողջության վերականգնման և նյութական աջակցության նպատակով։

Ինչ են առաջարկում անեծքի ու բամբասանքի արքաները. հավերժ ողբ և սուգ: Սրանց ուզածն այն է, որ հայ հասարակությունը հավերժորեն ապրի սգի մեջ, եթե ձեռքները ճար լինի կստիպեն, որ բոլորը սև հագնեն ու ընդհանրապես երկիրը սևով ներկվի: Հայաստանը դառնա մի մեծ սգո սրահ, ուր բացի ողբից ու լացից ուրիշ ոչինչ չկա: Առավոտյան արթնանանք ու երեկոյան քնենք մեր բախտն անիծելով ու ճակատագիրը նզովելով: Սրանք ուզում են թաղել Հայաստանը ու դրանով փառավորվեն:

Իհարկե, մենք պարտավոր ենք հարգել հանուն հայ ազգի հարատևման ընկած յուրաքանչյուրի հիշատակը` անկախ նրանից, թե որ պատերազմում են նրանք ընկել՝ Հայ Նահապետից, Տիգրան Մեծի ժամանակներից մինչև մեր օրերը, որովհետև հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ, այն չի կարող մոռացվել քանի կա հայրենիքը և կա ժողովրդի հավաքական հիշողությունը: Բայց չի կարելի սուգը սարքել ազգային խորհրդանիշ ու ինքնահաստատվել սգի վրա, ով ավելի շատ է սգում, նա ավելի շատ հայրենասեր է կարգախոսով: Ընդհակառակը, ավելի տխուր և ողբերգական կլիներ, եթե պատերազմից հետո կյանքը մեր երկրում կանգներ, մարդիկ ոչ ամուսնանային, ոչ երեխաներ ունենային, ոչ տոնեին և ուրախանային: Սա իսկապես կլիներ մեր երկրի վախճանը, մեր ձեռքով գրված մահախոսականը:

Այնպես որ, ընկածների հիշատակը հարգում են նաև ապրելով, նաև ամուսնանալով ու նոր կյանքի սկիզբ դնելով, և ոչ թե բամբասելով ու անիծելով: Եվ այս ամեն ինչն առավել նողկալի է դառնում, երբ նկատում ես, որ Ծառուկյանի որդու հարսանիքը քննադատողները կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից են հետևողականորեն ուղղորդվում ու կոնկրետ քաղաքական նպատակներ են հետապնդում։ Զարհուրելի է, որ արժեհամակարգերի ու զոհերի հիշատակը հարգելու մասին կոչեր հնչեցնողները հենց նույն զոհերի փաստն օգտագործում են իրենց համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Դիմացինին քննադատելուց առաջ լավ կլիներ, յուրաքանչյուր ոք ինքն իրեն հայելու առաջ նայեր և համարձակություն ունենար խոստովանելու, որ իրենց համար բացառապես իրենց քազաքական շահն է գերակա, իսկ մնացածն ընդամենը քաղաքական հակառակորդների վրա ցեխ շպրտելու էջանագին փորձ է միայն…

Please enter a valid URL