ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, որ այդ պաշտոնում աշխատել է 1990-ականների վերջին և 2000-ականների առաջին տարիներին, թվիթերյան գրառում է արել արցախյան հարցի առնչությամբ՝ խոսելով այն մասին, որ Հայաստանը կարող էր ստանալ արցախյան հարցի կարգավորման ավելի լավ տարբերակ 1999-ին՝ խորհրդարանում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից առաջ:
Քավանոյի հայտարարությունը բավականին ուշագրավ է ու հատկանշական: Մեծ հաշվով, նա անուղղակի, տողատակում, սակայն կարծես թե անդրադառնում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը՝ ըստ էության ակնարկելով, որ 27-ի ահաբեկչության պատճառների հիմքում ընկած էր արցախյան հարցը, և փաստորեն այդպիսով խափանվել է Հայաստանի համար շահեկան կարգավորում, որ կարող էինք ստանալ:
Բանն այն է, որ Քավանոն խոսում է ոչ թե մինչև 1998-ը իրավիճակի մասին, այսինքն՝ մինչև Տեր-Պետրոսյանի հեռանալը, այլ մինչև 1999-ի խորհրդարանական սպանությունը, որն անկասկած ահաբեկչություն էր: Ակնառու է, որ 27-ի ոճրագործության ձևն իսկ ընտրված էր Հայաստանն ահաբեկելու համար:
Քավանոյի գրառման տողատակում թերևս էապես նշմարվում է այն միտքը, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախում եղել է Հայաստանն Արցախի հարցում այդ հնարավոր շահեկան կարգավորումից հետ պահելը: Այստեղ անշուշտ խոսում ենք բավականին բարդ գործընթացի մասին, որտեղ միարժեք եզրահանգումների համար անհրաժեշտ է, մեղմ ասած, չափազանց ստույգ տեղեկատվություն: Մինչդեռ այդ շրջանի իրադարձությունների մասնակիցները իրենց հուշերը և հիշողությունները անկասկած ներկայացնում են ոչ ամբողջական, ոչ բոլոր դետալներով ու նրբերանգներով: Այլ կերպ իհարկե մեծ քաղաքականության մասնակիցների պարագայում չի էլ լինում թերևս: Եվ ըստ այդմ՝ քաղաքականության առանցքային իրադարձությունների առնչությամբ, մեծ հաշվով, մենք առաջնորդվում ենք կռահումներով, ենթադրություններով, վարկածներով: Քավանոյի գրառումն այս դեպքում անկասկած տալիս է այդ ամենի շուրջ խորհելու տեղիք:
Միաժամանակ, դրանում հատկանշական է այն, որ նկատվում է ամերիկացի նախկին նախագահների «հիշողության» աշխուժացում: Օրինաչափ միտո՞ւմ է դա, այսինքն՝ կա՞ այդպիսի գործընթացի մեկնարկ, թե՞ համանախագահները, այսպես ասած, հիշում են առանձին-առանձին, զուտ իբրև անձինք:
Համենայնդեպս Քավանոյի գրառումը հատկանշական և հետաքրքիր է ամերիկացի մեկ այլ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մարտի 26-ին հրապարակած հոդվածի ֆոնին, որտեղ նա խոսում էր այն մասին, որ Ռուսաստանի համար արցախյան հարցը ոչ թե կարգավորման կարիք ունեցող խնդիր է, այլ իր հակամարտ բնույթով Կովկասում ազդեցության միջոց: