Այսօր երեկոյան լուրեր տարածվեցին, որ մեկ ժամից Երևանում վայրէջք է կատարելու գեներալ Մուրադովի ինքնաթիռը և հայրենիք է վերադառնալու հայ ռազմագերիների մեծ խումբ: Անգամ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատեցին այս լուրը: Ազատություն ռադիոկայանը ուղիղ եթեր էր տալիս Էրեբունի օդնավակայանից, իսկ իմ քայլի պատգամավոր Նազելի Բաղդասարյան եթերում գլուխ էր գովում թե ինքն է զբաղվում գերիների հարցով: Քանի որ hraparak.am-ը մի քանի անգամ լուսաբանել է գերիների վերադարձը մեզ այս ամեն կասկածելի թվաց:
Նախ նախորդ անգամները գերիների վերադարձի մասին տեղեկությունը հույժ գաղտնի էր պահվում, մեր աղբյուրները խիստ պահանջ էին ներկայացնում ժամանակից շուտ օդանավակայան չգալ, ոչ մի դեպքում նախօրոք լուր չգրել, օդանավակայան գալ միայն ինքնաթիռի թռիչքից հետո:
Բաքու-Երևան թռիչքը տևում է 20 րոպե, մինչև ինքնաթիռի դուռը Բաքվում չէր փակվում մեզ չէին ասում քանի գերի է վերադառնում և իհարկե մենք նախապես լուր չէինք տալիս: Անգամ մի դեպք եղավ երբ ինքնաթիռը մի քանի ժամ ուշացավ և մեր նկարահանող խումբը համբերատար սպասում էր օդանավակայանից հեռու՝ մինչև թռիչքի հաստատումը լիներ:
Այս անգամ, սակայն նախօրոք հայտարարման աղբյուրը, ասում են, հենց փոխվարչապետն է եղել, վարչապետի բացակայության պայմաններում: Ասում են, Մանե Գևորգյանը Ավինյանից է հարցրել գերիների վերադարձի մասին և դրական պատասխան ստանալով, շտապել է ուրախ լուրը հայտնել լրագրողներին:
Ավինյանի անզուսպ պահվածքը շատ անհարմար վիճակում է դրել ողջ իշխանական թիմին, որը հիմա փորձում է առանց գերիների եկած ինքնաթիռը, որպես «ցավոք նորից հետաձգվում է» ներկայացնել:
Ինչ վերաբերում է Մուրադովի ինքնաթիռին, հարց է ծագում՝ ինչու էր գեներալը գնացել Բաքու, եթե գերիներ չէին վերադառնալու: Մեր աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռը բնավ դատարկ չի եկել, Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:
Այսպիսով նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր այն կետերը, որոնք շահավետ են Ադրբեջանին կատարվում են կայծակնային արագությամբ, իսկ Հայաստանին վերաբերող կետերը այլասերվում են, գերիները կոչվում հանցագործներ, ճանապարհի՝ իրենց պետքական հատվածն է ապաշրջափակվում, չեն կատարվում մեր գերիների վերադարձի կետերը։
Նյութի աղբյուր hraparak.am