Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գրում է «Հայկական Ժամանակը»:
Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառն 2021 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են:
«Արտահայտություններ են թույլ տրվել, որից կարելի է ենթադրել, որ նկատի ունի պարոն Քոչարյանին»,- ասաց Ալումյանը:
Հարցին՝ կոնկրետ ի՞նչ արտահայտություններ, Քոչարյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ վարչապետի ելույթում կան արտահայտություններ, որոնք ըստ էության այդ պահին քննվող քրեական գործի վրա են հղում արվում:
«Այնտեղ խոսվում է այնպես, որ որեւէ կասկած չկա, որ խոսքը այդ թվում նաեւ պարոն Քոչարյանի մասին է: Ուղղակիորեն ազգանունը չի նշվել, բայց ամբողջ խոսքը կառուցված է այնպես, որ որեւէ կասկած չի թողնում, որ խոսքը մյուսների հետ միասին նաեւ պարոն Քոչարյանի մասին է»,- ասաց Ալումյանը:
Այսպիսով՝ Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել եւ զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել: «Պահանջում ենք ճանաչել իր անմեղության կանխավարկածը, պահանջում ենք նաեւ զրպարտության հետ կապված հերքում: Նկատի ունենալով, որ միաժամանակ 2 տարբեր խախտումներ են թույլ տրվել 2-ական մլն դրամ ենք պահանջում: Ընդհանուր առմամբ՝ 4 մլն դրամ»,- մանրամասնեց հայցվորի ներկայացուցիչը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Քոչարյանը դատի տվել նաեւ Հայաստանի Հանրապետությանը, նրա ներկայացուցիչը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ է հանդես եկել եւ իր ելույթը տեղադրված է եղել պաշտոնական կայքերում՝ վարչապետի կայքում. «Այսինքն այստեղ ոչ միայն մասնավոր անձի կողմից տարածված տեղեկություններ են, այլ նաեւ ՀՀ պաշտոնական էջերում են տեղադրվել: Մենք գտել ենք, որ այս դեպքում ոչ միայն վարչապետն է պատասխանատու, այլեւ ՀՀ-ն, որի անունից նա հանդես է գալիս: Այսինքն անմեղության կանխավարկածը կարող է խախտել ՀՀ-ն կամ ՀՀ անունից գործող որեւէ անձ»:
Նշենք, որ սա արդեն Ռոբերտ Քոչարյանի 3-րդ հայցն է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Հիշեցնենք, որ վարչապետն իր ելույթում մասնավորապես ասել էր. «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»: Նշենք, որ Փաշինյանի այս հայտարարությունների ժամանակ Քոչարյանը փաստացի մեղադրյալի կարգավիճակ է ունեցել: