Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը համաներում հայտարարեց բանակից խուսափած անձանց նկատմամբ

Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և/կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի առաջին հոդվածով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկելու հետ կապված պատժի: Համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից:

Նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:

Համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածով հետախուզման մեջ գտնվող անձինք:

Նախագծին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ (հարց համար 54):

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման օրենք ընդունելու գաղափարը վաղուց է քննարկվում, միշտ վիճահարույց թեմա է եղել, այնուամենայնիվ որոշում է կայացվել կայացնել նման որոշում. «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել: Թվում է, թե հիմա պատերազմից հետո ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց համաներում կիրառել: Սակայն մենք այս որոշումը կայացրել ենք նաև այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ»:

Փաշինյանը նաև ասաց, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հենց այդ հոդվածով են հետախուզվում. «Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ սա քաղաքական որոշում է:

Please enter a valid URL