Search
Close this search box.

Ուշագարավ մանրամասներ նոյեմբերի 10-ի ստորագրումից հետո ԱԺ շենք մտած, ապա ԱԱԾ–ում հարցաքննությունից մեկ ժամ անց կամրջից ցած նետված տղայի կարճված գործի մասով

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն համաձայնագրի հրապարակումից հետո Ազգային ժողովի շենք մուտք գործած և ԱԺ փոխխոսնակի աթոռին լուսանկարված 27–ամյա Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու պատճառների մասին։

Պարզվում է՝ գործի նախաքննության ընթացքում գործը քննող քննչական կոմիտեի քննիչները տվյալներ են ստացել ինքնասպանության դեպքից ժամեր առաջ ԱԱԾ դեպարտամենտում քննվող մեկ այլ գործի շրջանակներում հարցաքննության ժամանակ ԱԱԾ ծառայողների կողմից Գառնիկ Պետրոսյանի նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրելու, մասնավորապես, Պետրոսյանի քրոջն ուղղված սպառնալիքների և գործի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոսյանի հարցաքննության սենյակում այդ օրը գտնվել են այլ բերման ենթարկվածներ, որոնք ևս այս գործով կարող էին առանցքային վկաներ լինել։ Այս ամենը զեկուցել են գործով վերահսկողություն իրականացնող դատախազին, սակայն վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականով ցուցում է տվել քննիչին՝ ընթացք չտալ գործին և որևէ կերպ չշրջանառել այդ վարկածը։ Փոխարենը դատախազությունը շտապել է հերքել դեպքից հետո արհեստականորեն դաշտ նետված այն վարկածը, թե իբր Պետրոսյանին սպանել են, իսկ ինքնասպանության շարժառիթների վերաբերյալ պարզունակ և անհաջող մի սցենար է բեմադրել։ Բանն այն է, որ Գառնիկ Պետրոսյանը կամրջից ցած էր նետվել ԱԺ շենքը զավթելու գործով իրեն մեղադրանք առաջադրելու օրը՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:04-ի սահմաններում՝ ԱԱԾ–ում հարցաքննությունից մեկ ժամ անց։

Իսկ ինքնասպանության դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 18–ին, դատախազությունը շտապել էր հայտարարել, որ Գ. Պետրոսյանը նախկինում ևս ինքնասպանության փորձ է արել՝ դեղահաբ խմելու միջոցով։ Խոսքը 11 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի մասին է, որը տուժողն անհայտ պատճառներով խոստովանել էր հենց ԱԱԾ ծառայողներին։

Դատախազությունը, հենվելով ԱԱԾ–ում տուժողի տված ենթադրյալ ցուցմունքի վրա, ինքնասպանության դեպքի բացահայտման սլաքներն ուղղել էր այն պարզ կանխավարկածի վրա, որ տուժողը նախկինում ևս հակված է եղել կյանքին վերջ տալուն՝ այդպիսով, ըստ էության, կանխորոշելով գործի ելքը։

Արդյունքում նախաքննական մարմնի՝ 2021թ. մարտի 12–ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Նշենք, որ թե՛ քննչական կոմիտեն և թե՛ գլխավոր դատախազությունը հրաժարվել են պատասխանել NEWS.am–ի այն հարցին, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունեն նախքան ինքնասպանության դեպքը Գառնիկ Պետրոսյանին հարցաքննած ԱԱԾ ծառայողները, արդյոք նրանք հարցաքննվել են և այլն։ Ավելին, գլխավոր դատախազությունը հրաժարվել է անգամ հայտնել գործով վերահսկողություն իրականացրած դատախազի ինքնությունը՝ խուսափելով գործը կոծկելու «օպերացիայի» կարևոր դերակատարին թիրախ դարձնելուց։ Մինչդեռ քննության հենց սկզբից դատախազի ցուցումով ԱԱԾ ծառայողներն առնվազն կասկածյալի կարգավիճակով պետք է հարցաքննեին։ Գործով քննիչները դատախազական պատշաճ հսկողության ներքո առնվազն պետք է պարզեին, թե ինչ պայմաններում է իրականացվել Պետրոսյանի հարցաքննությունը, արդյոք հնչեցված հարցերը կարող էին պատճառ դառնալ մեղադրյալի մոտ՝ վախի մթնոլորտի ձևավորմանը, արդյոք հարցաքննության արդյունքում կարող էր խախտվել մեղադրյալի՝ հոգեկան հավասարակշռությունը և այլ կարևոր հարցեր։

Հիշեցնենք, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 13-ին նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի միաժամանակ երեք հոդվածների հատկանիշներով, իսկ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո ազատ արձակվել։ Նույն օրը երեկոյան երիտասարդի դին հայտնաբերվել էր Կիևյան կամրջի տակ։

Please enter a valid URL