Search
Close this search box.

Նա պատերազմում ականատես է եղել անմարդկային դաժանության

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանի մասն, որը, ըստ Մուրադյանի, կամավորագրված ապագա պլաստիկ միկրովիրաբույժ է և տեսել է մահվան սահամանագծին գտնվող, մահից չվախեցող զինվորների։

«Ամեն օր մարդկանց առողջացնելու և լիարժեք կյանք վերադարձնելու համար պայքարող «Սպիտակ բանակի» զինվորներն իրենց առաքելությունը շարունակեցին նաև պատերազմական պայմաններում:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանն Արցախյան պատերազմի ընթացքում մասնագիտական պարտքն իրականացրել է Գորիսի բժշկական կենտրոնում, որտեղ Արցախից տեղափոխում էին տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորների: «Դիմել եմ հոկտեմբերի 1-ին որպեսզի մեկնեմ ռազմաճակատ կամ ճակատին մոտ, և հոկտեմբերի 18-ին տեղափոխվել եմ Գորիս»,-նշում է ԵՊԲՀ սովորողն՝ ավելացնելով, որ չէր կարողանում համակերպվել՝ իր Երևանում գտնվելու հետ՝ իմանալով, որ իր ծննդավայր Սյունիքի քաղաքների ու գյուղերի մատույցներում մարտեր են ընթանում:

Ապագա պլաստիկ վիրաբույժը միշտ գիտակցել է, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսել. ինչ-որ չափով հոգեպես պատրաստ է եղել, և կարծում է՝ կարողացել է անել այն, ինչի համար կամավորագրվել էր: «Մասնագիտական առումով պատրաստ էի այնքանով, որ սովորել եմ շատ պրոֆեսիոնալ մասնագետներից: Իմ՝ Գորիսում եղած օրերին, վիրահատել ենք 62 տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդի»,-ասում է Հարութ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ բժիշկը պետք է լինի մարդասեր և օգնի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու:

Նա ականատես է եղել անմարդկային դաժանության, հանդիպել մահվան սահամանագծին գտնվող, սակայն մահից չվախեցող զինվորների:

«Ընկերոջս՝ անոթային վիրաբույժ Արման Հովհաննիսյանի հետ վիրահատել ենք Մանուկ անունով մի տղայի, որի վերքերին խաղաղ պայմաններում անգամ մոտ չէինք գնա: Նրա կյանքը փրկել ենք՝ դադարեցնելով խոշոր տրամաչափի անոթներց արյունահոսությունը: Այլ տարբերակ չունեինք, քանի որ, թեկուզ, շատ երիտասարդ և անփորձ, բայց ես հոսպիտալի միակ միկրովիրաբույժն էի, իսկ Արմանը՝ միակ անոթային վիրաբույժը»,-պատմում է օրդինատորը, որը, մասնագիտական կայացման ճանապարհին անցնելով նաև պատերազմի միջով, դադարել է զարմանալ:

«Այդ ընթացքն անպայմանորեն կունենա ազդեցություն իմ հետագա գործունեության վրա։ Զարմանալու կարողությունն անդարձելի կորցնելուն զուգահեռ, հասկացա, որ պետք է սովորենք ունենալ ինքնադննադատական վերլուծություն»,-շեշտում է ապագա պլաստիկ վիրաբույժը:

Հարութ Խաչատրյանը 7-8 տարեկանում գիտեր, որ ընտրելու է բժշկի մասնագիտությունը՝ չնայած նրան, որ ընտանիքում բժիշկներ չկան:

«Պլաստիկ միկրովիրաբուժությունն ամենաբարդ և ամենահետաքրքիր մասնագիտություններից է: Ինձ գրավել է նրա բազմապրոֆիլ լինելը»,-եզրափակում է ԵՊԲՀ սովորողը, ում համար մասնագիտացման ընտրության հարցում կարևոր օրինակ են եղել նաև ավագ ավագ կոլեգաների անձնական և մասնագիտական որակները։

Please enter a valid URL