Search
Close this search box.

Երևանում 36-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կոտրել «սվետաֆորը», ծաղկի սրահի պարագաներն ու բախվել էլեկտրասյանը.

Երեկ՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Խնկոյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոզա Պետրոսյանին և 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակիրին, տապալել այն և բախվել ծաղկի սրահին պատկանող ծաղկի տաղավարներին, կոտրել մի քանիսն ու վնասել ծաղկի սրահի որոշ հատված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներ Ռ. Պետրոսյանն ու Մ. Հակոբյանը տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, իսկ Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Լոկատոր» ՓԲԸ — ի Երևանի լուսացույցերի սպասարկման բաժնի աշխատակիցները: Փաստի առթիվ Վ, Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL