Մի՛ մեղադրեք ժողովրդին:
Այսօր զանազան հարթակներից հաճախ մեղադրում են ժողովրդին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների նկատմամբ անտարբեր լինելու մեջ: Ես պատկանում եմ մարդկանց հենց այդ խմբին: Մոտ ապագայում, երբ կրկին կանգնելու ենք ընտրության առջև, որոշեցի իմ նկատառումներով կիսվել տեղի ունեցածի, դրա որոշ պատճառների և լուծումների շուրջ, որովհետև անցած 25 տարիները ցույց տվեցին, որ մենք դարձյալ կանգնելու ենք վատի և վատթարագույնի ընտրության առջև, և դարձյալ ունենալու ենք այն, ինչ ունենք: Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ քաղաքագետ, այլ շարքային իրավաբան, հետևաբար գրում եմ համառոտ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրավական լուծումներ գտնելու վերաբերյալ:
Պատերազմի ավարտից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակի իրավական լուծումները
2020թ. 44-օրյա պատերազմը ցույց տվեց «քոմփլիմենտար» քաղաքականության սնանկությունը և, դրա հետևանքով, գերտերությունների կողմից մեր երկրի նկատմամբ բացահայտ անվստահության դրսևորումը՝ որպես ոչ վստահելի գործընկերոջ: Նման քաղաքականություն վարելը, որը սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի, շարունակվել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի օրոք, հանգեցրին նրան, որ պատերազմի օրերին, և ոչ միայն, արևմուտքն, ի պատասխան մեր երկրի բազմաթիվ կոչերին և դիմումներին, հակամարտության ամբողջ ընթացքում պատասխանում էր իր «խորին մտահոգությամբ», «խորին անհանգստությամբ» կամ այս բառերի այլ հոմանիշներով՝ չձեռնարկելով որևէ գործուն քայլ պատերազմական գործողությունները կանխելու ուղղությամբ: Արևելքը նույնպես գրավեց դիտորդի կարգավիճակ` հասկացնել տալով, թե ով է տարածաշրջանում իրադրության տերը և թելադրողը, ու միջամտեց այն ժամանակ, երբ իրեն պետք էր: Ցավոք, այսօրվա քաղաքական ուժերը շարունակում են նույն քաղաքական կուրսը` իրենց նվիրվածությունը հայտնելով արևելքին և ռեվերանսներ անելով արևմուտքի առջև: Հարգելիներս, ժամանակն է, որ Հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ընտրությունը կատարի արևելքի և արևմուտքի, նրանց կողմից ձևավորված անվտանգության համակարգերի միջև: Այդ նպատակով պետք է կայացնել հանրաքվե՝ արտահերթ ընտրությունների հետ միաժամանակ: Գոնե մեկ անգամ ղեկավարվենք Սահմանադրությամբ, նրա 205-րդ հոդվածի պահանջներով և ժողովրդին հնարավորություն տանք ընտրելու իր ապագայի ճանապարհը: Անկախ հանրաքվեի արդյունքներից, նույն հանրաքվեով պետք է որոշվեն մեր արտաքին քաղաքականության այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են.
1. Թուրքիայի հետ հարաբերություններում` ցեղասպանության ճանաչման առաջնահերթության հարցը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո միայն կարող է քննարկվել միջպետական հարաբերությունների կարգավորման և հաստատման հարցը:
2. ՀՀ-ն չի ճանաչում ռուս-թուքական (ադրբեջանական) համատեղ ջանքերով գծված հայ թուքական(ադրբեջանական) սահմանները:
3. Ցանկացած պաշտոնատար անձի արգելվում է ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որով հնարավորություն է ընձեռվում Թուրքիային կամ Ադրբեջանին` դառնալու որևէ միջազգային կամ միջպետական կազմակերպության անդամ`ցանկացած կարգավիճակում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ միջանցք չի կարող տրամադրվել այլ պետությունների տրանսպորտային ուղիների կազմակերպման նպատակով: ՀՀ տարածքով միջազգային բեռնափոխադրումներ կարող են կազմակերպվել միայն միջազգային բեռնափոխադրումների վերաբերյալ միջպետական պայմանագրերի առկայության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, ՀՀ պատկան մարմինների վերահսկողությամբ:
5. ՀՀ-ն ազատ է ընդգրկվելու թուրքական (ադրբեջանական) կոալիցիայի դեմ ձևավորվող ցանկացած միավորման մեջ` առանց սահմանափակումների, ելնելով իր ընտրած անվտանգության համակարգի տարածաշրջանային շահերից:
6. Հանրաքվեով սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովը գործում է 2-2,5 տարի` մինչև նոր Սահմանադրության ընդունումը, որից հետո անցկացնել նոր ընտրություններ՝ նոր Սահմանադրությանը համապատասխան:
Անկախ նրանից, թե անվտանգության որ համակարգն ենք ընտրել, արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքների սահմանումը, որը, ըստ իս, սպառիչ չէ, մեր արտաքին գործընկերներին հնարավորություն կտա ՀՀ-ի հետ հարաբերությունները կառուցելիս հաշվի նստել պատմական իրողությունից բխող՝ հայ ժողովրդի կայացրած որոշման հետ, չի ոտնահարի ազգային արժանապատվությունը, կպահպանի ինքնիշխանության այն նվազագույնը, որը դեռ մնացել է, հնարավորություն չի ընձեռի պաշտոնատար անձանց մի գիշերվա մեջ արևմտամետից դառնալ արևելամետ, կամ վարել ֆուտբոլային դիվանագիտություն, կամ հայտարարության հիման վրա ոտնձգություն կատարել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Այդ պատճառով էլ այն պետք է ընդունվի հանրաքվեով և ոչ թե՝ օրենքով կամ այլ իրավական ակտով:
Իմ կարծիքով՝ միամիտ են այն մարդիկ, ովքեր մտածում են, թե Արցախի հարցում դեռևս հնարավոր է բեկում մտցնել: Դատելով ադրբեջանական և թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարություններից և այսօր նրանց կողմից իրականացվող քաղաքականության տրամաբանությունից՝ Արցախում այլևս համապետական ընտրություններ չեն կայանալու: Արցախը Ադրբեջանի կողմից ներկայիս տարածքով կճանաչվի որպես խոշորացված համայնք, նրան կտրամադրվի որոշակի կուլտուր-ազգային ինքնավարություն, և դրանով կփակվի պատմության հերթական խայտառակ էջը: Իրավիճակը շտկելու քայլ կարող է հանդիսանալ ՀՀ-ի կողմից Արցախի հանրապետության անհապաղ ճանաչումը (քանի դեռ այն կա), միաժամանակ` Ղրիմի հանրապետության ճանաչումը Ռուսաստանի կազմում: Նման մոտեցումը հետագայում մեզ հնարավորություն կտա Արցախի կարգավիճակը քննարկելիս (եթե դա հնարավոր լինի) բանակցությունների սեղանին դնել Արցախի հանրապետության պահպանման Ղրիմի մոդելը, որը նույնպես անկախացել է հանրաքվեով, հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ:
Ի՞նչ պետք է անի, կամ ի՞նչ չպետք է անի Ազգային ժողովը մինչև նորընտիր Ազգային ժողով
Ազգային ժողովի օրակարգերի, նրա աշխատակարգի ուսումնասիրությունից ակնհայտ երևում է, որ և՛ դիմությունը, և՛ ընդդիմությունը նիստերի ժամանակ ցանկացած հարցի քննարկում վեր են ածում անձնական «ռազբորկաների», չեն քննարկում ստեղծված քաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակից ելքեր գտնելու և դուրս գալու հարցերը, և ակամա հանգում ես այն եզրակացությանը, որ ստեղծված իրավիճակի պահպանումը ձեռնտու է երկու կողմերին էլ, քանի որ մի կողմը պահպանում է իշխանությունը և իշխանական լծակները, մյուս կողմը՝ իշխանություններին «անխնա» քննադատելու և որևէ պատասխանատվություն չկրելու իր իրավունքը: Սակայն երկու կողմերն էլ հստակ որևէ ծրագրային փաստաթուղթ չեն ներկայացնում այս մղջավանջը արագ թոթափելու համար, իսկ ներկայացրածներն էլ կարելի է համեմատել լճացման տարիների համագումարների որոշումների հետ, երբ «անունը կա, ամանում չկա»:
Մինչև նորընտիր Ազգային ժողովի գումարումը գործող Ազգային ժողովը պետք է.
1. Պետք է վերացվի ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի քվեարկության համար պատասխանատվության չենթարկվելու դրույթը, քանի որ ստեղծված իրավիճակում քվեարկությամբ կարող են վնաս հասցնել ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրի: ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վերաբերող քվեարկությամբ ընդունված օրենքի կամ որոշման վերաբերյալ Գլխավոր դատախազը պետք է իրավունք ունենա դիմելու Սահմանադրական դատարան:
2. Օրենքի ուժով պետք է արգելվի այնպիսի միջպետական պայմանագրերի, համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի հաստատումը, որոնք կվերաբերեն պատերազմի ավարտի «հայտարարության» մաս կազմող գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա իրականացված ցանկացած գործողությանը:
3. Վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի Հայրենիքի դավաճանության հոդվածը՝ լրացնելով՝ պաշտոնատար անձի կողմից այնպիսի գործողությունների կատարումը, որը խաթարում է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դրույթով:
Սահմանադրության և հետագա փոփոխությունների վերաբերյալ
Այսօր հրամայական է դարձել նոր սահմանադրական հանձնաժողովի կազմավորումը և նոր Սահմանադրության ընդունումը:
ՀՀ առաջին Սահմանադրությունը 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո ցույց տվեց իր կենսունակությունը, սահմանադրական ճգնաժամերից խուսափելու իր ճկունությունը, կիսանախագահական համակարգի առավելությունները` ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում: Մինչդեռ Սահմանադրության հետագա` 2005թ. և 2015թ. փոփոխությունները (հատկապես վերջինը) Սահմանադրությունը վերածեցին խնդիրներ ստեղծող, իրավական խառնաշփոթ առաջացնող մի իրավական փաստաթղթի (այլ կերպ չես անվանի), որտեղ իսպառ բացակայում են հակակշիռների և զսպումների մեխանիզմները, ավելին` ստեղծում փակուղային կամ ճգնաժամային իրավիճակներ (ապացույցներ` ինչքան ուզեք):
Նորընտիր Ազգային ժողովի առաջնահերթ խնդիրներից պետք է լինի
1. Նոր սահմանադրական հանձնաժողովի կազմավորումը, որի կազմում պետք է լինեն միայն իրավաբաններ:
2. Քաղաքական ուժերը պետք է միայն որոշեն, թե Սահմանադրության ընդունման և դրանում կատարվելիք փոփոխոխությունների որ տարբերակն են ընտրում` կոշտ, թե ճկուն, պետության կառավարման ինչպիսի համակարգ են ընտրում: Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում վատ չէր լինի անդրադառնալ երկքաղաքացիության խնդրին:
Հարգելի դիմության և ընդդիմության քաղաքական գործիչներ, ՀԿ-ների ղեկավարներ, բավական է մեղադրեք ժողովրդին՝ Ձեզ չաջակցելու կամ անտարբերության մեջ, առաջարկեք կոնկրետ լուծումներ, և ժողովուրդը իր ընտրությունը կկատարի: Այսպես շարունակվելու դեպքում, երբ ճառ ասողները շատ են, իսկ զանգ կախող չկա, հնարավոր է , որ երկրում ձեր ճառերը լսող չմնա, զանգն էլ զուր լինի, ու մնանք նաև առանց Զանգեզուր:
Հայկ Հովսեփյան