Search
Close this search box.

Գնացել էր 37-ամյա տղամարդու բակ, զանգել, դուրս էր կանչել, ապա որսորդական հրացանից կրակել ու սպանել

Մարտի 23-ի առավոտյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկի դին։ 37-ամյա տղամարդուն սպանել էին իրենց շենքի բակում։

Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության փաստով հարուցվեց քրեական գործ։

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին։

Համալիր հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սպանությունը կատարել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա մի բնակիչ։ Նա «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով գնացել էր 37-ամյա տղամարդու բակ, զանգել և նրան դուրս էր կանչել, ապա որսորդական հրացանից կրակել ու ապօրինաբար զրկել էր կյանքից։ Իսկ պատճառը վրեժն էր, ավելի ստույգ՝ նախորդ օրվա ավտովթարը…

Մարտի 22-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին 37-ամյա տղամարդը «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ընկել հարակից ձորակը։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը, որ կասկածյալի քրոջ որդին էր, մահացել էր, նա էլ որոշել էր վարորդից վրեժ լուծել:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին կասկածվողը ներկայացավ Լոռու մարզային քննչական վարչություն։ Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բազում գյուղի տներից մեկում հայտնաբերեցին թաքցրած հրազենը։

35-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Please enter a valid URL