Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա Գրիգորը կամավորագրվեց, որպեսզի գտնի հորը. Հայրը վերադարձավ, բայց որդին․․․

Գրիգոր Լևոնի Թեյմուրազյանը ծնվել է 1998թ-ի հոկտեմբերի 25-ին: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2017թ-ի հունվարի 11-ին զորակոչվել է բանակ, ծառայել Ջրականում: Զորացրվելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի՝ որպես պահեստապետի օգնական և օպերատոր:

Պատերազմի սկսվելու առաջին օրերից՝ հոկտեմբերի 4-ին, Գրիգորի հայրը՝ Լևոն Թեյմուրազյանը, մեկնել էր պատերազմի դաշտ: Հորից 5 օր լուր չունենալով որդին գաղտնի կամավորագրվեց, որպեսզի գտնի հորը։ Հոկտեմբերի 15-ին ստացավ ուղեգիր, իսկ հոկտեմբերի 16-ին Գրիգորը մեկնեց Ջաբրայիլ՝ այնտեղ, ուր անցել էր ծառայությունը։

Ընտանիքի անդամները չկարողացան Գրիգորին որոշումից հետ պահել ու մի քանի օր էլ սպասել։ Չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը ռազմաճակատում չէ։ Գրիգորը բջջային հեռախոս անգամ չի վերցրել պատերազմ գնալիս, ասել է, թե անհրաժեշտության դեպքում կապի միջոց կգտնի։

Հոկտեմբերի 18-ին Գրիգորը 97 հոգանոց խմբով Գորիսից ուղևորվել են դեպի Ջաբրայիլ։ Տղայի գնալուց երկու օր հետո հայրը վերադարձել է պատերազմից ու իմացել, որ որդին մեկնել է ռազմաճակատ։ Ջոկատը, սակայն ռմբակոծության է ենթարկվել ճանապարհին, դիրքավորվել են, ապա նահանջի հրաման ստացել։ 13 քաջ մարտիկ զոհվել են հենց այդ ժամանակ։ Խմբի տղաներից ոմանք ողջ առողջ վերադարձան, ոմանք՝ վիրավորվեցին, մի մասն էլ զոհվեց, բայց Գրիգորին շատ երկար էին փնտրում, բայց պատասխաններ չէին ստանում։

Գրիգորի հայրը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մի քանի ամիս շարունակ ինքնուրույն են որոնողական աշխատանքներն իրականացրել։ Գրիգորի դին գտել են Տիլի գյուղում։

22-ամյա Գրիգորին հարազատներն ու ընկերները հիշում են որպես անսահման հոգատար, ընկերասեր ու ժպտերես: Հայրենասիրությունն իր մեջ դեռ փոքր տարիքից է սերմանված եղել: Գլխավոր նպատակն էր՝ աշխատել այնքան, որ կատարեր ծնողների բոլոր երազանքներն ու նպատակները: Տաղանդավոր ու ընկերասեր Գրիգորը կյանքի 23-րդ տարին չհասցրեց ապրել։

Տարիներ առաջ ընտանիքը որոշել էր, որ զավակների հետ Սանկտ Պետերբուրգից պետք է հայրենիք վերադառնան, զավակները միանգամից հարմարվեցին նոր միջավայրին. Գրիգորը Հայբուսակի համալսարան ընդունվեց, բայց հետո հասկացավ, որ չի ուզում ատամնատեխնիկ դառնալ։ Ուսումը կիսատ թողեց, որ ծրագրավորմամբ զբաղվի։ Գրիգորը բազմակողմանի զարգացած էր՝ սիրում էր սպորտով զբաղվել, երազել է անգամ ֆուտբոլիստ դառնալ, բայց իր երազանքներն ու նպատակներն ավելի երկրորդական էին, առաջնահերթը իր համար մայրիկին ու քրոջն ամեն ինչով ապահովելն էր։

Ընտանիքի անդամներն էլ ցանկանում են ամեն գնով իրագործել նրա երազանքները՝ ամեն ինչ անել, որ սիրելի քույրը կարմիր դիպլոմով ավարտի համալսարանն ու նրան ոչինչ չպետք է խանգարի։ Մայրը հիշում է որդու խոսքերը, երբ ասում էր՝ հանկարծ չարտասվես, երբ լացում ես, ես հեռվից զգում եմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL