«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։
«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», – ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչև նոր կառավարության ձևավորումը։
«Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են», – շեշտեց նա։
Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանեց` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։
«Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով», – բացատրեց նա։
Թորոսյանի խոսքով` վարչական ռեսուրսը կիրառելը քննադատելի է, և վարչապետը նման բան չի անում։
Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։