Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
«Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի, և Արցախի շուրջ ու մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում: Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը՝ ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար», — ասել է վարչապետը նախքան նիստի մեկնարկը:
Ըստ նրա` տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից. «Եվ մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, և մյուս կողմից` իհարկե, պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ ընդհակառակը` մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը` իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նիստում քննարկելու են Հյուսիս-Հարավ մայրուղին Սյունիքի հատվածում շինարարությունը սկսելու վերաբերյալ ռազմավարական նշանակության հարցը:
«Ընդհանրապես, կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու: Հարցն էական է և ուշագրավ, բայց ինքն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից:
Մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, և նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է», — շեշտել է նա:
Արդեն նիստից հետո կառավարությունից փոխանցել են, որ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: