Search
Close this search box.

Սեյրան Օհանյան. Կրակելու հրաման չեմ տվել

Վարչապետն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարության մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, դատարնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, որ կկարդան ՍԴ-ի որոշումը, կհասկանան, թե ինչ պետք է անեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է ամեն դեպքում Մարտի 1-ի ողբերգության մեղավորը, պատասխանատուն, Օհանյանը նախ խոսեց անմեղության կանխավարկածի մասին, ապա հավելեց, որ բոլոր տեսանյութերում երևում է, թե ով է հրահրել, ով է բախման կոչ արել, ում հոգին էր լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ոստիկանական պարագաներ էին վերցնում, ինչպես նաև, թե ով էր փոքր տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա:

Օհանյանը նշեց, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորը սպանություններում. «Արդեն քանի տարի է այս գործընթացն ընթանում է, մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ Սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր իրենց հարազատներին կորցրել են: Սպանությունների հոդվածն այլ է, սահմանադրական կարգի տապալումն այլ է»:

Հարցին՝ համարո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանին մեղավոր, այսդ թվում սպանությունների համար, Սեյրան Օհանյանը նշեց, որ վարչապետի աթոռին սոսնձված անձը դատապարտվել է ու իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել. «Ինքը դատապարտվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ու այդ հոդվածը մինչև հիմա էլ մնում է իր վրա: Իսկ այս ամենը արդյունք է զանգվածային անկարգությունների»:

Հարցին, թե օրինակ Չերյոմուխայից զոհված քաղաքացիների մահն ի՞նչ կապ ունի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրվող ընդդիմադիրների հետ, նա պատասխանեց. «Այդ հարցերը կարող եք տալ արդեն ոստիկանական զորքերին եւ դատական համակարգին: Եթե ասում ենք, որ Չերյոմուխայից զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրեցին ու խաղաղ բնակչության նկատմամբ Չերյոմուխա կրակեցի՞ն: Պատասխնատվությունը կրում են նրանք, որոնք հրահրել են եւ որոնք կրակել են: Ես ոչ հրաման եմ տվել կրակելու, ոչ զորք եմ հանել: Զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի օրենքի համաձայն, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

Please enter a valid URL