ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել ՝ նշելով, թե պատասխանողի մոտ գործի՝ անկողմնակալ և օբյեկտիվ լուծման առնչությամբ համոզմունք առկա չէ։
Դատարանը որոշում է կայացրել այդ գործով ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, նախնական դատական նիստ նշանակել։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում:
Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը. դիմումն ուղարկել են Քրեական ոստիկանություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։