Search
Close this search box.

Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը

Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը. Ընտրությունների արդյունքները գրեթե հայտնի են.

Մաս 2

Ընտրությունների հնարավոր արդյունքներից մեկը հայկական վերածնունդն է։ Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվում է կառավարությունը և ձևավորվում է հայկական էլիտաների կոնսոլիդացված իշխանություն, որի առաջին քայլը երկրում մթնոլորտի փոփոխությունն է.

Թշնամանքը՝ հանդուրժողականությամբ

Սուգը՝ աշխատանքով

Սուտը՝ աշխատանքային ճշմարտությամբ

Անճարությունը՝ գործելու և լուծումներ գտնելու վճռականությամբ

Այս՝ ներքին մթնոլորտի խնդիրը լուծելու համար պահանջվելու են ընդամենը շաբաթներ, բայց պահանջվելու է նաև կամք և խոհեմություն՝ մոռանալու համար անձնական բոլոր լարվածությունները։ Բացառվում են տարբեր մակարդակներում վենդետաները և հիշաչարությունը։Երկրում մնում է մեկ խնդիր՝ իսկապես փրկել երկիրը։

Ձևավորվում է էֆեկտիվ, աշխատունակ կառավարություն, որի խնդիրն ամենասեղմ ժամկետում պետական համակարգի էֆեկտիվության կտրուկ բարձրացումն է։ 3տարի շարունակ անգործության մատնված պետական համակարգը պետք է միացնել, պայմանական ասած, 3շաբաթում։

Նոր կառավարությունը շատ արագ պետք է հասկանա տնտեսության իրական վիճակը և ձեռնարկի կտրուկ քայլեր՝ դրա փլուզումը կանգնեցնելու համար։

Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի Դաշնության հետ փորձի գտնել ոչ ստանդարտ լուծումներ էապես բարձրացնելու համար Հայաստանի անվտանգության մակարդակը։

Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի և Մինսկի խմբի աջակցությամբ հասնի տարածաշրջանում լարվածության էական թուլացմանը, կայուն խաղաղության ապահովմանը և սկսի արժանապատիվ բանակցություններ՝ բոլոր հարևանների հետ։

Նոր իշխանությունը հստակ ձևավորված մեխանիզմներով (ոչ վերացական) պետք է երկրի վերականգնման պրոցեսին մասնակից դարձնի բոլոր ունակ շրջանակներին ու անհատներին։Ամեն ոլորտում կա ահռելի աշխատանքի ծավալ։

Նոր իշխանությունը պետք է կազմակերպի համահայկական համաժողով՝ համահայկական նոր օրակարգ մշակելու և ստեղծված իրավիճակից կոնսոլիդացված ելքեր գտնելու համար։

Նոր իշխանությունը պետք է ձևավորի նոր կառույց, որը կզբաղվի Հայաստանի զարգացման հեռանկարային փաթեթների մշակմամբ։ Ոլորտ առ ոլորտ պետք է մշակվեն բարեփոխումների և արդիականացման ծրագրեր։ Պետք է ուղղակի միասին աշխատել։

Եթե ընտրությունների արդյունքում հայկական դեֆոլտի պարագայում մենք կստանանք Սաունա-պետության կարգավիճակ, ապա հայկական վերածննդի քվեի հաղթանակի դեպքում՝ անհավանական աղետից հետո Վերածնվողպետության կարգավիճակ։

Բացակայող գործոնի գերխնդիրը

Փաշինյանն ու իր թիմի առանցքային դեմքերը ներկայացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց մոդելը։ Դա մոտավորապես «ձեթ՝ հայրենիքի» դիմաց բանաձևն է, որտեղ գավառական պարզունակության և թուրքական գործակալական ցանցի համատեղ իդեան հանգում է հետևյալին՝ տոտալ և անվերապահ կապիտուլյացիա՝ բացվող կոմունիկացիաների և որոշակի տնտեսական ակտիվության դիմաց։

Բայց ողբերգությունը սրա մեջ չէ։ Ի վերջո, սա քաղաքական գիծ է, որը կարելի է մերժել, բացառել և ժողովրդի քվեով իրականացնել մյուսը։

Ողբերգությունը նրա մեջ է, որ այդ մյուս բանաձևը ձևակերպված չէ։

Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից հետո Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն էր, և ի՞նչ հակադրեց այն իշխանության թեզին՝ ոչինչ։ Թերևս՝ սուլոց, վանկարկումներ և այլն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ լայն հասարակությունը, որոշակի կրթված շերտերը և հարևանները ուզում են լսել, թե ո´րն է ընդդիմության կոնցեպտը հայ-թուրքական հարաբերությունների, հայ-արդբեջանական հարաբերությունների, տարածաշրջանայինհամագործակցության, երկարատև խաղաղության հաստատման և այլ կարևոր հարցերում։Եվ դա ուզում են լսել արդեն 4-րդ ամիսն է։ Սակայն լսվում են միայն սուլոցներ։

Երբ Փաշինյանի մոդելին ի պատասխան մենք միայն սուլում ենք, ապա նա սկսում է տիրաժավորել իր սուտը ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական սահմանը չի բացվել 1-3 նախագահների պատճառով, թե այսօրվա ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, տարածաշրջանային անվտանգությանը, կոմունիկացիաների բացմանը։

Ընդհանրապես՝ Փաշինյանի ելույթներից կարող է տպավորություն ստեղծվել, թե իր մեղքով նահատակված մի ամբողջ սերունդ դեմ էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, և ահա հիմա «վերջապես» կարող են սկսել բացել կոմունիկացիաները, քանի որ խոչընդոտները վերացել են։

Ակնհայտորեն՝ Փաշինյանն իր թուրք-արևմտյան խորհրդատուների աջակցությամբ սկսել է հրեշավոր ստի իր 2-րդ սերիան, որը պակաս ողբերգական վերջաբան չի ունենալու մեզ համար։ Բայց այդ սուտը, լավ փաթեթավորման դեպքում, կարող է մասսայական սպառման լավ «ապրանք» դառնալ։

Անկախ Հայաստանում 30 տարի շարունակ, իսկ հիմա՝ ավելի սրությամբ, զգացվում է մի կարևոր ինստիտուտի բացակայությունը՝ ստրատեգիական մտքի, զուսպ հավասարակշիռ գաղափարի։ Քաղաքական դաշտում քաղաքական միտքը և գաղափարները երբևէ չեն բանավիճել, միտքն ի սկզբանե ստորադասվել է պահի կոնյունկտուրային և ծագող խնդիրների արագ լուծումներին։ Որպես հետևանք՝ քաղաքական դաշտին զուգահեռ՝ որակապես չհասունացավ նաև հասարակությունը։ Այն չվարժվեց՝ կարևոր հարցեր տալ քաղաքական ուժերին և ակնկալել պատասխաններ։ Հետևանքը՝ «ազատ և արդար քվեարկության» արդյունքում՝ պոպուլիզմի դատարկ ուսապարկի ընտրությունը։

Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները։Եթե այսօր Հայաստանում լիներ ուժ, որը կներկայացներ հստակ ձևակերպումներ՝ Փաշինյանի էժան-կապիտուլյացիոն մոտեցումից էապես տարբերվող, այդ ուժը շատ արագ հաջողության կհասներ։

Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։

Մինչ արցախյան բանակցություններն անորոշ հեռանկարով հետաձգվել են, Հայաստանի ներսումայսօր ամենուր ընթանում են բանակցություններ՝ դաշինքային ցուցակների շուրջ՝ մեկը 50 տոկոս է ուզում, մյուսը՝ 30, հաջորդը՝ 25։ Շատլավ, բոլորտոկոսներըձեզ, բայցո՞րնպատակիհամար։

Որ էլի մեր երկրում բոլոր հաշվարկները կամ տեսլականներն առավելագույնը մեկ ամսվա կտրվածքո՞վ լինեն։ Չխրատվեցի՞նք։ Հայաստանն ունի հաջողության մի հնարավորություն. եթե ուժեղանա մտածելու, գրագետ և ռացիոնալ հաշվարկի, հեռանկարային քաղաքականության գործոնը։ Մենք պետք է սովորենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարդ թեմայում փաշինյանական գավառականության այլընտրանքը սուլոցն ու քայլերթը չէ, այլ՝ ճշգրիտ ձևակերպած բանաձևերը, որոնք հասարակությանը կտան արժանապատիվ, անվտանգ, խաղաղ հեռանկար՝ միաժամանակ ընկալելի լինելով միջազգային հանրության համար, այդ թվում՝ Ռուսաստանի և հենց՝ Թուրքիայի։

Եվայդպես՝ բոլոր հարցերում։ Ծանր հարվածներից հետո գոնե մեր քաղաքական միտքը պետք է աճ գրանցի։

30 տարվա մեջ մենք որոշ էպիզոդներով եղել ենք լուրջ պետություն։ Մենք ունեցել ենք դրվագ, երբ Հայաստանի վարած սառը ու, ամենակարևորը, ընկալելի քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարչապետը նամակով դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ առաջարկությունների փաթեթով։ Դա եղել է 2005թ.։ Երբ քո երկրի քաղաքականությունը դառնում է անմիտ և անընկալելի, ապա նույն Էրդողանից դու ստանում ես ոչ թե նամակ, այլ՝ Բայրաքթարներ՝ գլխիդ։

Հենց այս օրինակով է պետք հասկանալ, որ գավառական-գործակալական փաշինյանական մոտեցումները սուլոցով փոխարինելը նույնքան անհեռանկար ու ռիսկային է։

Ես խնդիրը միտումնավոր բարձրաձայնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով՝ որպես առավել սուր և ցավոտ։ Բայց գրագետ խոսքի և ռացիոնալ քաղաքականության խնդիրը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսությունից մինչև մշակույթ, սոցիալական ապահովությունից մինչև քաղաքաշինություն։ Հայաստանն էապես կփոխվի միայն այդպես։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Please enter a valid URL