Search
Close this search box.

Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է կասեցվեն. ով կզբաղվի նրա գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջեւ եղած միջադեպի գործն արդեն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Լրագրողը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

Ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես էր նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին: Այդ միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո. եթե ՀՔԾ-ն պետք է սկսի այս գործի քննությունը, ապա առաջիկայում պետք է դադարեցվեն Հակոբ Արշակյանի լիազորությունները՝ որպես նախարարի, ինչպես դա եղավ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի պարագայում: Այս անգամ եւս քննիչը պետք է որոշում կայացնի եւ դադարեցնի նախարար Արշակյանի լիազորությունները, եւ միայն գործի քննության ավարտից հետո պարզ կլինի նապարարի ճակատագիրը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ եւ փորձել է հասկանալ, թե ինչ ձեւով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին եւ այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, եւ Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչեւ գործի քննության ավարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL