«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձի շուրջ նոր բացահայտումներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ուշագրավ հանգամանքներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի մասին:
Մասնավորապես, նրա խոսքով՝ դեռ 2007 թվականին թանգարանից կորել էին կարևոր նմուշներ, և կան փաստեր, որ այդ գործով հարցաքննվել են և անցնում են այժմ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որոնք այն ժամանակ ասպիրանտներ են եղել:
«2007 թվականին, երբ որ ես արդեն տնօրեն էի, պարզվեց որ նախկին տնօրենի օրոք՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ, թանգարանի հազվագյուտ գրականության միավորներից տասնյութը կորել կամ գողացել են: Այդ ժամանակ քրեական գործ չէր հարուցվել: Երբ ես դարձա տնօրեն, տեղեկացա այդ մասին, և քանի որ նախկին տնօրենը հրաժարվեց հանձնում-ընդունում անել, հարուցվեց քրեական գործ: Բոլորովին վերջերս պարզվեց, որ հարցաքննվել են նաև ասպիրանտները, որոնց նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ», – նշեց նա:
Նկատենք, որ սա արդեն երկրորդ սկանդալն է, որ առկա է Արարատ Միրզոյանի անձի շուրջ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ, և, որպես ապացույց, մի փաստաթուղթ էր հրապարակել, որի տակ հենց Արարատ Միրզոյանի ստորագրությունն էր և այնտեղ գրված էր. «Ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահպանել գաղտնի»:
Սակայն ԱԺ նախագահը հերքել էր այն՝ նշելով. «Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»: Մինչ օրս, սակայն, քրեաիրավական գնահատականի ականատես չենք եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: