Search
Close this search box.

Ինչ է սպասվում Սյունիքում. երկու հեռախոսազրույց նույն օրում

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Գերասիմովի հետ: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Հեռախոսազրույցը հատկապես ուշադրության է արժանի այն իրողության ֆոնին, որ Գերասիմովի հետ հեռախոսազրույցից կարճ ժամանակ առաջ, նույն օրը՝ մարտի 23-ին, Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ: Այդ հեռախոսազրույցի ընթացքում էլ քննարկվել են նույն հարցերը, ընդգծելով մասնավորապես հայ-ռուսական համատեղ զորախմբերի գործողությունների և Սյունիքի անվտանգության խնդիրների հետ կապված հարցերը:

Շոյգուի հետ հեռախոսազրույցից հետո Գերասիմովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցը նշանակում է, որ եղել են կոնկրետ քննարկումներ և պայմանավորվածություններ անելիքի վերաբերյալ: Ավելին, Գերասիմովի հետ Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում նշվում է Ռուսաստանից բարձրաստիճան զինվորական պատվիրակության Հայաստան այցելության մասին: ժամկետներ չեն նշվում, ինչպես նաև չի նշվում պատվիրակության մոտավոր կազմ, սակայն մեծ հավանականությամբ այցելության ընթացքում կարող են լինել Սյունիքի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում, որոնցում կարտացոլվի հայ-ռուսական ռազմական գործակցության որոշակի նոր աստիճան: Իհարկե դա եզրակացություն կամ ենթադրություն է, սակայն Շոյգուի և Գերասիմովի հետ նույն օրվա ընթացքում Վաղարշակ Հարությունյանի խոսակցությունները և թեմաների նույն շրջանակի և շեշտադրումների հանգամանքը թույլ են տալիս մտածելու այդ մասին: Ի՞նչ է սպասվում, կամ ինչ կարող է սպասվել Սյունիքում՝ անվտանգային միջոցառումների և այսպես ասած համակարգի վերակառուցման իմաստով: Արդյո՞ք խոսք է գնում Սյունիքում ռուսական ռազմական ներկայության մասին, արդյո՞ք քննարկվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու հարց, որը կվերաբերի հենց Սյունիքի ուղղությանը: Եվ արդյո՞ք այդ ամենի նախապատրաստական փուլն էր նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում Սյունիքի անվտանգության թեմայի խաղարկումը, առավելապես մանիպուլյատիվ գործիքների կիրառումով, ինչն իր հերթին Զանգեզուրի մասին հայտարարոթյուններով խթանում էին Էրդողանն ու Ալիևը: Թե՞ այդուհանդերձ գործ ունենք այլ իրավիճակի հետ և ՌԴ ունի մտավախություն, որ Սյունիքի ուղղությամբ կարող է լինել թուրք-ահաբեկչական սադրանք, ըստ այդմ արվում է կանխարգելիչ քայլ:

1in.am

Please enter a valid URL