168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Նրանք այն համայնքապետերն են, որոնք ամիսներ շարունակ բարձրաձայնում են պատերազմից հետո Սյունիքում առկա անվտանգային խնդիրների եւ կառավարության անգործության մասին:
Թե ինչո՞ւ է ՊՎԾ-ն հանկարծ հիշել Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի համայնքապետերին՝ կայքը փորձել է ճշտել հենց նրանցից:
168.am-ին հաջողվել է կապ հաստատել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի եւ Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանի հետ. նրանք հաստատել են ՊՎԾ ստուգումների մասին տեղեկությունները:
«Այսօր եկել են հանձնարարականով ստուգումները սկսելու»,- ասել է Սիսիան համայնքի ղեկավարը՝ նկատելով, որ չի ցանկանում քաղաքականացնել:
Թե ինչ առիթով են եկել ստուգումների՝ կայքի հարցին ի պատասխան՝ Արթուր Սարգսյանն ասել է. «Ասում են, որ հանձնարարագիր կա, հանձնարարագրով եկել են ստուգումների՝ 2016 թվականից՝ իմ պաշտոնավարումից, մինչեւ այսօր»:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ստուգումները տեւելու են մարտի 24-ից մինչեւ ապրիլի 30-ը:
Մեղրու համայնքապետն էլ նշել է, որ դեռ չի հանդիպել ՊՎԾ աշխատակիցների հետ, քանի որ գործով Կապանում է եղել, սակայն տեղյակ է, որ համայնքապետարանում են, եւ պատրաստվում է հանդիպել:
Մխիթար Զաքարյանի խոսքով, ՊՎԾ-ն առաջին անգամ է ստուգումներ անցկացնում իրենց համայնքում. «Նորմալ ստուգումը մենք ընկալում ենք՝ որպես հնարավորություն ավելի բարելավելու աշխատանքը: Եթե օբյեկտիվ ստուգում լինի, մենք դա ընկալում ենք հնարավորություն՝ սխալներն ուղղելու, բայց տեսնենք, էլի»:
Արդյոք քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ է՝ 168.am-ի հարցին համայնքի ղեկավարը պատասխանել է. «Այս պահին, գիտեք, անմեղության կանխավարկածը խախտած կլինեմ: Իհարկե, շատ բան եմ մտածում, բայց մինչեւ հիմք չունենամ, ճիշտ չի լինի արտահայտվել: