Search
Close this search box.

Անհետ կորած զինծառայողների հարազատները դիահերձարաններում մասունքներ են լվացել, ատամնաշար ստուգել՝ զավակներին գտնելու համար

Էջմիածնի N զորամասից Զանգելան տեղափոխված եւ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն այցելել են դիահերձարաններ ու արձանագրել, որ Զանգելանում ամիսներ առաջ հայտնաբերված հայ զինվորների մարմինները, մասունքները դեռ պահվում են պարկերի մեջ:

Դեռեւս հունվար ամսին հայտնի դարձավ, որ հարազատների պահանջով Զանգելանի դպրոցի մոտ կատարված որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են այրված մարմիններ, որոնց ադրբեջանցիները հուղարկավորել էին նույն վայրում։

Հայորդիների մարմինները տեղափոխվել էին պարկերով ու ծնողներն իրենք էին 2,5 ամիս առաջ սեփական ձեռքերով հավաքել զավակների մասունքները և փոխանցել դիահերձարան, բայց մինչ օրս նույնականացում չի արվել։ Ավելին՝ այսօր նրանք ստիպված են մասունքներն իրենց ձեռքերով մաքրել։

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ երկրորդ օրն է, ինչ այցելում են դիահերձարաններ ու վերահաստատում են՝ ոչինչ չի արվում զավակների աճյունները նույնականացնելու համար։

Ծնողներն առողջապահության նախարարությունում են եղել՝ զգուշացրել, եթե անգամ թույլտվություն չունենան, մուտք են գործելու դիահերձարաններ։ Նախարարությունից ծնողներին խնդրել են մի քանի օր սպասել, մինչև թույլտվություն կտրամադրեն, սակայն ծնողները պնդել են՝ միանգամից պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն, առանց վայրկյան կորցնելու, որպեսզի չկարողանան «տեղավորումներ» անել։ Բարձրացված աղմուկից հետո ծնողներին, ընդունել է նախարարը, եւ թույլտվությունն ստանալուց հետո ծնողները եղել են Արտաշատի, Էջմիածնի, Մասիսի դիահերձարանում։

«Արտաշատում լավ էր՝ տոպրակը բացել էին, ամեն մեկը մասունքները առանձնացրել, նմուշներ վերցրել։ Ֆոտոներով ամեն ինչ տեսել ենք։ Էջմիածնում էլ յուրահատուկ գործողություն են իրականացրել՝ մանրակրկիտ գործ են արել։ Բժիշկը մեզ շատ լավ բացատեց, որը մարմնի, որ հատվածն է, ոնց են նմուշ վերցրել ու որտեղից, որն է ավելի հիմնական, որ կարող է 100 տոկոս արդյունք տալ։ Ամբողջը նկարած՝ փաստերով ունեին ու մեզ տեղեկացրեցին»,- ասաց Անահիտ Ադոյանը։

Ծնողները, սակայն, մեղմ ասած դժգոհ էին Մասիսի դիահերձարանից ու «բարդակ» որակում այն, ինչ տեսել են։ Ադոյանը պատմեց, որ այնտեղ «անտերության են մատնել» դիերը, իրենք են լվացել մասունքները։

«Մտել ենք Մասիս՝ ոնց տոպրակը կար, այդպես էլ այնտեղ դրված էր։ Ասում է՝ «այստեղից այս ոսկորն ենք վերցրել, այնտեղից՝ ուրիշ կտոր»։ Հարցնում ենք՝ 8 կտոր պետք է լիներ, ինչո՞ւ են մեկը վերցրել, ասում է՝«այստեղ երկու ձեռք է, երկու ոտք ՝ ընդհանուր մեկը»։ Հարցնում ենք՝ ինչի՞ց վերցրեցիք, որ այդտեղ մեկ հոգի է, երեք պարկ կար, երեքում էլ բարդակ էր։ Մենք ենք ոսկորներ լվանում, որ հասկանանք՝ իրոք կան այնտեղ հերոս տղերք, թե չէ»։

Զինծառայողի մայրը հայտնեց, որ դիերը պահվում են սառնարաններում։ Գրեթե երեք ամիս առաջ դիերը դուրս բերելիս ծնողների հետ պատկան մարմնի ներկայացուցիչներ չեն եղել՝ ադրբեջանցիներն են դիերը փոխանցել։ Աճյունները դուրս բերելուց հետո Կապանում հայտնել են, որ մասունքները պետք է չորս տարբեր դիահերձարան ուղարկել՝ գործողություններն արագ անելու և պատասխանները շուտ իմանալու համար։

«Ինչքան արագ էր, որ 2,5 ամիս է բերել ենք մարմինները, հլը ոչ մի պատասխան չկա։ Ինձ օրինակ՝ ոտքի մասունք են տվել, բայց մորգում տեսա ոտքի ոսկորը՝ ընդամենը 10 սմ ոսկոր էր։ Հարցնում եմ՝ սա՞ եք ԴՆԹ-ի հանձնել և դա համընկե՞լ է։ Թող մարմինն ամբողջովին հավաքեն։ Երեխաներին տարածքում խփել են՝ 150-200 մ-ի վրա հավաքել, տարել նկարել են, 30 մետր հետ են բերել փոսի մեջ թաղել են։ Այնտեղ ոչ մեկից մազ չպետք է պակաս լիներ, բոլորը պետք է ամբողջովին լինեին՝ ինչո՞ւ են ձեռք ու ոտք տալիս։ Ի՞նչ են թաքցնում այս ժողովրդից։ Իսկ եթե թաքցնում են, տեսնում են, որ մինչև վերջ էլ գնալու եմ։ Թող ինձ ասեն Անահիտ ջան, պատերազմական վիճակ է, հանգիստ նստիր տանը՝ երեխեքը գալու են, ես էլ հասկանամ, ոչ թե ընկնեմ մորգերում ատամնաշար լվանամ, որ տեսնեմ դա ո՞ր մեկի երեխան կարող է լինել»։

Ադոյանը նաև նշեց՝ Էջմիածնի N զորամասի տղաների պատմությունը մեծ փուշ է դարձել բոլորի կոկորդին։ Ապացույցներ ունի, մինչև վերջ պայքարելու է, թույլ չի տալու, որ ԴՆԹ փորձանմուշները կեղծվեն։

«Այսօր ես ինչի պետք է զանգեմ ծնողներին՝ հարցնեմ ո՞ւմ երեխայի ատամնաշարը ինչ ձևի է։ Ես այդքանին պատրա՞ստ եմ՝ տեսնեմ ի՞նչ ատամնաշար ունեն, որ տեսնեմ, որի երեխան է եղունգ կրծում, որ հասկանամ հավանական պատասխանները։ Ես պե՞տք է անեմ այս ամենը»,- եզրափակեց Անահիտ Ադոյանը։

Please enter a valid URL