Մարտի 22-ին Երկրապահ կամավորականների միությունն անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթական հերթափոխ: ԵԿՄ երկրորդ գումարտակը՝ 310 հոգի, մեկնել է սահման՝ առաջին գումարտակին փոխարինելու եւ մարտական հերթապահություն իրականացնելու:
«Սրանից առաջ «Եղնիկներում» էինք, մեր առաքելությունը կտարեցինք, հիմա նորից մեկնում ենք առաջնագիծ: Հոգին մարտական է, պտրաստ ենք հայրենիքին ծառայելու: Այս ծանր պատերազմից հետո պետք է համախմբվենք, բանակի կողքին լինենք, մեր տղերքին ուժ տանք մեր ներկայությամբ, որ մեր ջարդած մեջքը կարողանանք ուղղել»,-ասաց կամավորականներից մեկը:
Մեկ ուրիշն էլ ասաց. «Շուն թուրքը մեր 18 տարեկան տղերքի արյան վրայով է քայլում, մենք այնպես պետք է անենք, որ մյուս անգամ դրան չհասնի: Մենք մեր նամուս-թասիբի համար պարտավոր ենք մինչեւ վերջ պայքարելու»:
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դիմելով մեկնողներին, ասաց. «Ես ձեզ բարի ծառայություն եմ ցանկանում, տղերք ջան: Ես հարգում եմ ձեր գիտակցությունը, հասկացողությունը, խոնարհվում եմ: Բոլորս պարտավոր ենք, պարտական ենք մեր հայրենիքի համար ծառայել: Մեր բանակը այսօր վիրավոր է, կանգնենք մեր բանակի կողքը, մինչեւ առողջանա: Պարտավոր ենք հզորացնել մեր բանակը: Փառք ձեզ տղերք, որ ձեր հավատը չեք կորցրել, էլի կանգնած եք առաջնագծում: Ամեն տղու ընկած տեղը դարձել է սրբավայր, եւ մենք պետք է հասնենք այդ սրբավայրերին, երբեք չպետք է հուսահատվենք: Բարի ծառայություն, բարի ճանապարհ»: