Search
Close this search box.

Ադրբեջանական ԶՈՒ–երը կատարել են ոչ միայն պատերազմական, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում:

Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։

Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության եւ մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:

Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։

Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:

Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:

Որեւէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:

ՀՀ եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի եւ Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային մահեր եւ այլ տառապանքներ:

Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»։

Please enter a valid URL