Ձնաբքի պայմաններում անհետացած զինծառայողներից մեկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Տեղեկությունը News.am-ին հայտնել է զինվորական հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը։
Խոսքը պայմանագրային զինծառայող 37-ամյա Կարեն Շահնազարյանի մասին է։ Նրա վիճակը միջին ծանրության է։ «Ոտքերն են ցրտահարված՝ առաջին, երկրորդ աստիճանի, սակայն անդամահատման հարց չկա»,–ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով` զինծառայողը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ։ Կարեն Շահնազարյանի գիտակցությունը տեղն է։
Նշենք, որ Ջերմուկի զորամասի մարտական մեկ հենակետից մյուսին անցնելու ճանապարհին ձնաբքի պայմաններում անհետացած զինծառայողներից 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը մահացել էր։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կարեն Շահնազարյանի և Աղասի Հովհաննիսյանի հետ։
Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին հաջողվեց տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Նրանցից մեկի կյանքը, ցավոք, չհաջողվեց փրկել։