Սպայկա ընկերության հայտարարությունը. «Սպայկա ընկերությունը պատերազմի առաջին իսկ օրերից սկսած իր ունեցած բոլոր ռեսուրսներով աջակցել և անհատույց իր ծառայություններն է մատուցել ի օգուտ հայկական երկու հանրապետությունների՝ կազմակերպելով և իրականացնելով լոգիստիկ աշխատանքները:`
2020 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը Ընկերության կողմից անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացվել են բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ և Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ` հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռներ:
Յուրաքանչյուր բեռնափոխադրում վարորդների համար եղել է կյանքի ու մահվան կռիվ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանցից յուրաքանչյուրին: Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում զոհվել են ընկերության չորս աշխատակիցներ, որոնցից երկուսը՝ վարորդ:
Մեծ խոչընդոտներ հաղթահարելով` Ընկերությունն անմիջապես ստանձնեց «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենաները ՌԴ-ից ՀՀ, այնուհետև Ստեփանակերտ բեռնափոխադրելու խնդիրը՝ ամբողջ ծառայությունը կատարելով անհատույց:
Սպայկա ընկերության կողմից ռազմաճակատ է ուղարկվել նաև սեփական միջոցներով ձեռքբերված հումանիտար օգնություն՝ շուրջ 185 տոննա սնունդ, 45 տոննա դեղորայք, «ՈԻԱԶ» մանկիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև Ընկերության կողմից նախագծված և պատրաստված 17 միավոր հատուկ տեխնիկական միջոցներ: Բացի այդ, Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8 եզակի հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար:
Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար:
Ընկերության կողմից Հայաստանին և Արցախին տրամադրված նյութական օժանդակությունը դրամային արտահայտությամբ կազմել է ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ:
Նշված աշխատանքերն իրականացնվել են Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի անմիջական ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով, որը 24 ժամ կոորդինացրել է լոգիստիկ աշխատանքներն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ռազմաարդյունաբերության կոմիտեի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Վրաստանում ՀՀ դեսպանատան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի, տարբեր համայնքների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ:
Ընկերությունը շարունակում է զարգացման տարբեր ծրագրեր իրականացնել և համագործակցել Հայաստանի ավելի քան 80 համայնքների հետ և սատարում է Արցախի գյուղատնտեսության վերականգմանը:
Անկախ երկրում տիրող քաղաքական միջավայրից Ընկերությունն իր գործունեության հիմնական առաքելությունն է համարում մեր հայրենիքում հզոր և կայուն տնտեսության կառուցմանն աջակցելը:
Սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝ Ընկերությունը հորդորում է զերծ մնալ Ընկերության անունը և գործարար համբավն անհիմն շահարկելուց:
Սպայկան կանգնած է եղել և շարունակում է կանգնած լինել Հայաստանի և Արցախի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին՝ կատարելով իր հնարավորություններից ավելին առանց որևէ ակնկալիքի հանուն հայկական պետականության կայացման»,-նշվում է հայտարարության մեջ:
Մինչդեռ պարբերաբար խոսվում է, որ Սպայկայի ֆուռերում մեծ թվով զինվորների դիեր են պահվում, անգամ տեսանյութ է հրապարակվել, այդ մասին վերջերս խոսեց նաև Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը: