«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը տըրամադրված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Հայտարարության տեղքը ներկայացնում ենք ստորեւ.
«Փետրվարի 26-ին մենք հայտարարել էինք, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ Հակառակ դեպքում, մենք հանձն էինք առնում համախմբել այդ օրակարգին համաձայն քաղաքացիներին եւ նրանց ճնշման միջոցով քաղաքական կյանքից մեկուսացնել այդ դերակատարներին։
Անհրաժեշտ է արձանագրել, որ կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման եւ հղի է նոր վտանգներով։
Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018թ.-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժը արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար եւ բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները եւ պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։
Միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ եւ մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը։ Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին մեր բոլոր ուժերի գերլարումով՝ քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»: