Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում ադրբեջանցի Հաջի Ալիևին հաղթելուց հետո մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր հաղթանակի մասին:
«Երեկ գոտեմարտից հետո տեսա՝ թե ինչ մեծ ուրախությամբ են իմ հաղթանակը տոնում հարազատներս, և ընդհանրապես բոլորը, իմ ուրախությունն էլ տասնապատկվեց։ Այն, որ մասնագետները ինձ Օլիմպիական խաղերում հաղթելու ֆավորիտ են տեսնում, իմ մեջ լարվածություն չի առաջացնում։ Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի վստահ եմ դառնում»,-Armsport.am-ի խոփանցմամբ՝ նշել է մարզիկը։
Նրա խոսքով՝ ավելի բարդ է եղել կիսաեզրափակիչը. քանի որ որոշվել է ուղեգրի հարցը, այն մի փոքր լարված է անցել։
«Եզրափակչի նախորդ օրը կար մի քիչ լարվածություն։ Սակայն կարողացա տրամադրվել նրա դեմ, որպես սովորական մրցակցի՝ ոչ որպես ադրբեջանցու, ու ստացվեց ավելի լավ գոտեմարտել։ Ալիևի հետ գոտեմարտի ժամանակ շատ պատահական հարվածեցի դեմքին, ինքն էլ իրեն վատ զգաց ու տեսաք, թե ինչպես արձագանքեց»,-ասել է հայ ըմբիշը։
Ինչ վերաբերում է իր հանգստությանը՝ Թևանյանը նշել է, որ սպորտում այդ հանգստությունն առավել քան անհրաժեշտ է։