Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ:
2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%:
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։
Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Հատկապես ուշադրություն է պետք դարձնել փակ կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված պահանջների պահպանմանը, մասնավորապես՝ նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում էլ կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարություն