Search
Close this search box.

Գարունն ինչու՞ չեկավ, Տիկ, ախր, Հայրենիք ջան, հե՛տ բեր Տիգրանին․ Հրազդանից հերոս Տիգրան Ավետիսյանի քրոջ գրառումներից

Հրազդանից անմահացած Տիգրան Ավետիսյանի քրոջ` Սյուզաննայի գրառումներից հատվածներ․

Ամբողջական զորամասեր են լռում, տուն չի զանգում մի ողջ բանակ…բայց չէ՞ որ սպասում են Տղերք, ձեր զանգին սպասում են…
Դուք էլ ծաղիկներ չեք նվիրում, մե՛նք ենք ձեզ մոտ ծաղիկներ բերում՝արցունքով ապրեցնելով դրանք։ Դուք էլ ջերմ խոսքեր չեք ասում, իսկ մենք՝հավերժ կարոտ ու շնորհակալ…

Գարունն ինչու՞ չեկավ, Տիկ …
#Տիգրանը_հանուն_Տիգրանի մեզ երկնքից է գարուններ ուղարկելու ..

Տիգրա՜ն, Տիգրան Մե՜ծ… երկար բացականչեց Հերոսի մայրը, երբ դեռ որդին չէր ծնվել, ու Ինքը փորձում էր կողմնորոշվել՝ինչ կոչել որդուն, որ Մեծ Մարդ դառնա՝հիշվող, ուժեղ ու անպարտ։
Հերոսի հորաքույրը՝հարզատ Ռուզս, ով էն ժամանակ ուսուցչուհի էր ու բազում լավ աշակերտներ ուներ, կողքից հուշում է, թե Սահա՜կ, Սահակ Պարթև…բայց լուսահոգի Մայրը երանելի տոնով քաղցր ասում է՝Տիգրա՜ն, Տիգրան Մե՜ծ…
Կարծես թե…Հերոսածին Մայրն ինքն է որոշել իր Որդու ճակատագիրը, երբ նա դեռ չէր էլ ծնվել։

֊Տիգրա՜ն, Տիգրան Մեծ, հառաչում եմ ու նայում այն կետին, որում կանգնած ենք բոլորս, ի դեպ, այդ կետը եզրն է…անդունդի։ Չէ, անհույս չենք։ Փրկություն կա։ Ու փրկությունը Դու ես, Եղբայր, փրկությունը Դու՛ք եք՝կռվում հաղթածներդ։

Կյանքից նեղացած ենք…մինչև հիմա ուզում եմ սովորականի պես ամեն խոսակցության մեջ հարցնել՝բա Տիկոն ոնց ա՞…հետո հիշում եմ, որ պատերազմ եղավ ու եղածը տարավ մեզնից։ Ամեն օր ավելի ուժեղ եմ ատում պատերազմը…որովհետև օր օրի ավելի են խորանում վերքերը…բաց ու արյունոտ։

Աստված իմ, 《Արիության մեդալ》…ինչքան քիչ է չէ՞ Զինվորի կյանքի դիմաց․ Ինձ զանգում ու կարդում են տեքստը, որը անուղղակի ասում էր՝շնորհակալ ենք, որ Զինվոր եք տվել հայրենիքին, մենք ձեզ մեդալ ենք ուղարկում, որ սփոփվեք․

Ախր, Հայրենիք ջան, մենք քեզ այնքան֊այնքան ենք սիրում, որ Տիգրան ենք քեզ վստահել, քեզ էլ Տիգրանին ենք վստահել։ Ինչու՞ Տիգրանը քեզ պահեց, փառք բերեց, իսկ դու Տիգրանին տուն չբերեցիր…
Հե՛տ բեր Տիգրանին իր մարտական ամենափառահեղ առաջադրանքից…հետ բեր Ավետիսյանների տան լույսը․
Ու գիտե՞ս՝որն է ամենամեծ ցավը։ Հարազատներդ քեզ սպասում են։ Դեռ սպասում են։ Սպասելու են հավերժ։ Որովհետև ամռանը Տղերքը կզորացրվեն, իսկ Դու չես գա։ Դու զորացրվել ես…պատվով, փառքով ու Հաղթած։

Հ/Գ Ներողություն Տիգրան․ Շնորհակալություն Տիգրան
Armlife. am

Please enter a valid URL