Արդեն հայտնին և առայժմ անհայտը
Փոխգնդապետ Հակոբյանն է, Արցախի հարավային զորամասի շտաբի պետը: Պատերազմի երկրորդ օրը հանդիպեցինք: Նարինջ-ում (ուղղության ՀԴԿ-ն էր): Ինքն էր համակարգում մարտը` հարձակումը, պաշտպանությունը, հակագրոհը:
Մի քանի րոպե կողքին նստել հետևել եմ մարտական գործողությունները վարելուն: Շատ զիլ տղա էր: Առանց վախի, առանց խուճապի, իր անձը մոռացած, կռվողների հետ կրակ արձակելով:
Արթուրին խանգարել (հարց ուղղել) չէի ցանկանում: Մի պահ, երբ դադար եղավ, մի քանի րոպե, հարցրի ինչ է կատարվում, առանց նեղացնելու կարճ պատասխանեց, էկրանին նայեք կտեսնեք, պատմելու չէ:
Այս հենակետում էլ ընկանք սմերչի կրակի տակ: Պետքը չէր, շարունակում էր ուղիղ ճակատում կռվող տղաների հետ խոսել, վիրավորներից հարցնել: Հետո չդիմացավ, ռացիան փոխանցեց զինակիցներին, հանդերձավորվեց ու մեկնեց: Չիմացանք թե որ ուղղությամբ:
Փոխգնդապետ Հակոբյանը մինչև այսօր անհետ կորած է, որոնումներն արդյունք չեն տվել: Ու սա բազմակի ցավ է պատճառում: Հրամանատար էր, որ իր զինվորի հետ կռվեց ու որոշ տեղեկություններով ընկավ մարտում:
Խփեք դրանց, խփեք: Այն ամենն ինչ ամեն օր հիշեցնում է հրամանատար Հակոբյանի մասին:
Պատիվ ունեմ, պարոն փոխգնդապետ:
Հակոբյան ջան:
Դավիթ Դավթյան