Մարդկանց մեջ անվստահություն կա արտահերթ ընտրությունների հստակության առումով, քանի որ այդ մասին հայտարարել է Նիկոլը, վաղը կարող է բոլորովին այլ բան ասել` նայած հանգամանքների ու իրադարձությունների զարգացման: Քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հանդես չի եկել եւ չի որոշել օրը, արտահերթ ընտրությունները մնում են օդում կախված եւ հեղհեղուկ: Լինելու դեպքում էլ որեւէ հուսադրող ու ուրախալի բան չկա, եթե այն կազմակերպելու են Նիկոլը եւ իր վարչակարգը: Երբ ընդդիմությանը չի հաջողվում հասնել Նիկոլի հրաժարականին ու ստեղծել ժամանակավոր կառավարություն` երկիրը կայունացնելու, ցնցումներից զերծ պահելու համար, ուրեմն հաջորդ նախընտրելի տարբերակը մնում է արտահերթ ընտրությունները, միայն թե առանց Նիկոլի:
Անուրանալի է, որ ընդդիմության փողոցային պայքարի եւ պարբերաբար պահանջվող հրաժարականների ճնշման տակ է Նիկոլը գնում արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում ժողովրդի կամքի արտահայտության այդ դրսեւորումը թողնելու էր 2023-ին` որպես հերթական ընտրություններ: Հակառակ այս ընկրկումի, իրադարձությունները զարգանում են Նիկոլի գծած սցենարով: Ինքն է որոշում ընտրությունների օրն ու ձեւը, խորհրդարանական ընդդիմությունից խուստումներ է կորզում, որ չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին` իր հրաժարականից հետո: Մեծ հաշվով, արտախորհրդարանական ընդդիմությանը չհաջողվեց թելադրել իր կամքը եւ քաղաքական զարգացումները տանել իր գծած քարտեզով: Տրամաբանական է, որ այս ուժային հարաբերակցությունում Նիկոլն է վճռելու ելքը` իր համար կենսական տարբերակով:
Մխիթարող չէ այն փաստը, որ Նիկոլը չունի ընտրազանգված, որ հասարակության ամենաստվար մասը հիասթափության մեջ չկողմնորոշվածներն են, որ կառավարական մի շենքից մյուսը գնալու համար ստիպված է անցնել ոստիկանական հոծ պատերի միջով, քանի որ վախեցած է ու սարսափած, եւ հենց սա է նրա քվեի տոկոսը: Բայց այդ նույն ոստիկանական հոծ պատերի միջով կգնա եւ կհասնի վարչապետական աթոռին: «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հրճվում է կանխատեսելի հաղթանակով: Ալեն Սիմոնյանն էլ մի այնպիսի վստահությամբ է հավաստում իրենց սիրված ու ընդունելի, հասարակության կողմից անփոխարինելի լինելու մասին, որ մի պահ մտածում ես` այս մարդը երեւի հավատում է իր ասածին:
Դիցուք, իսկ այս դեպքում հավանական է` ստույգ, Նիկոլը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, կամ այդ աթոռին իր դրածոն է, այսինքն` վարչական բոլոր լծակները մնում են իր ձեռքում, եւ այդ պայմաններում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ: Մենք ականատես ենք լինելու հերթական աբսուրդի թատրոնին: Նիկոլն ամեն գնով վերարտադրվելու է, իսկ սա ամենավտանգավորն է, քանի որ չի հանդուրժելու ընդդիմացող կողմը` ընտրողների այդ մասը: Անխուսափելի են լինելու քաղաքացիական արյունոտ բախումները, ներքին պատերազմն այս գերլարված ու ճգնաժամային իրավիճակում: Սա երկրի համար ողբերգական է ու կործանարար:
Ուստի Նիկոլին հեռու է պետք պահել ընտրություններին միջամտելու, ազդելու եւ իր ուզած հունով ծռելու միջոցներից: Անհրաժեշտ է մեկուսացնել, այսինքն` հասնել նրա եւ իր թիմի լիակատար հրաժարականին, եթե չենք ուզում ականատես լինել նոր ողբերգության, ինչին ձգտում է Նիկոլը: Նա կանգ չի առնի որեւէ միջոցի առաջ՝ իշխանությունը պահպանելու համար, միայն ծայրահեղ, ելք չտեսնող վիճակում կարող է թողնել այն` դիմելով փախուստի: Ուրեմն ընտրություններ՝ առանց Նիկոլի:
Նյութի աղբյուր՝ hraparak.am