Search
Close this search box.

ՀՔԾ-ն կլուծարվի. ինչ կստեղծվի դրա փոխարեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձևափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է և դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:

Օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այստեղ ուշագրավն այն է, որ երբ իշխանությունները սկսեցին խոսել նոր կենտրոնի ստեղծման մասին, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի հունիսի 8-ին գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, սակայն 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ չի նախատեսվում լուծարել ՀՔԾ-ն։

Ավելին, հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն չի լուծարվելու: ԵՎ, ահա, այժմ՝ մեկ տարի անց, Բադասյանն ասում է, թե իրավապահ մարմինների և, մասնավորապես, ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL