Երկու տարի առաջ սկսվեց, կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հիշում եք, անցած տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել:
Բայց մենք միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները:
Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ: Այս ապօրինությունները 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը:
Եվ հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան, պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը»,-ասաց նա: