Mediaport տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ։
Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։
Որոշումը, ըստ ալիքի, արդեն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:
Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չի ստացել իր միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը, բայց ինքը նույնպես տեղեկատվություն է ստացել, որ դատարանն իր միջնորդությունը բավարարել է։ Դատական ակտը փաստաբանին հասանելի կլինի միայն առավոտյան։
Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ միևնույն ժամանակ դատարանը վարույթ է ընդունել իրենց ներկայացրած ճանաչման հայցը, որի շրջանակում էլ միջնորդել էին հայցի ապահովման միջոց կիրառել։
Փաստաբանը ճանաչման հայցով դատարանին խնդրել է ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։
Հիշեցնենք, որ հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։