Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին քննարկումներ չունենք: Մեր քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելուն: Ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են և ունենք բռնկում, անցնում են օնլայն ռեժիմի, որպեսզի ընդհանուր դասապրոցեսը չխաթարվի, այսպիսի լոկալ լուծումները հնարավորություն են տալիս կանխել վարակի տարածումը»,- ասաց Ավանեսյանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է պահպանել զգոնությունը և լուրջ վերաբերվել կորոնավիրուսին. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չլարվի այնպես, որ մեր առողջապահական համակարգը հնարավորություն չունենա լիարժեք կերպով տրամադրել բժշկական օգնություն: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ պետք է բոլորս շատ լուրջ վերաբերվենք, լինենք զգոն, իհարկե, մենք չենք կարող անընդհատ վախի մթնոլորտում ապրել, բայց հարցին վերաբերվելու զգոնությունն ու լրջությունը շատ կարևոր է»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված անձանց 10 բժշկական կենտրոն է սպասարկում: