«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առաջնագծից դիրքապահները հերթական տեսանյութ/տեսաուղերձն են հրապարակել, այս անգամ՝ Կապանի ուղղությունից։
Նմանատիպ հրապարակումների վտանգավորության մասին կարելի է երկար քննարկել, բանավիճել, բայց բովանդակային առումով մի քանի փաստ անհրաժեշտ է արձանագրել։
Առաջին, նոր իրողություններով և նոր տեղակայվող հենակետերի անհրաժեշտությամբ պայմանավորված, պետք է առաջնային ձևակերպել, թե ո՞նց ենք պատկերացնում նոր առաջնագիծը, ինչ կահավորմամբ, տեխնիկական հագեցվածությամբ, կենցաղով և ստորաբաժանումներով։
Երկրորդ, հասկանալի է, որ դժվար է կարճ ժամանակում ունենալ այնպիսի պաշտպանական գիծ, որը ծառայության կրման և անվտանգության համար ցանկալի խնդիր կլուծի, բայց հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն և սկզբնական փուլում նվազագույն պայմաններ ապահովել։
Երրորդ, միաժամանակ ակնհայտ է, որ զորքերում անձնակազմի հետ բացատրական, իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել։
Չորրորդ, տեսանյութում զինծառայողները խոսում են դիրքը թողելու հրամանի մասին, տեսանյութում նշվում է կոնկրետ դիրքի համարը և ասվում է, որ այն Կապան քաղաքի սահմանին է։
Թե ինչ հրամանի մասին է խոսքը, և ինչ նպատակով է իջեցվել, նույնիսկ չեմ ուզում արձագանքել։
Հինգերորդ, տեսանյութում նշվում է, որ հրաման է իջեցված, որպեսզի դիրքում զինծառայողները մարտական հերթապահությունը կրեն առանց «մագազինի» (պահեստատուփ)։